«Տեսակետ» ակումբի այսօրվա հյուրերն էին թուրքագետներ Արտակ Շաքարյանը և Անուշ Հովհաննիսյանը: Նրանք քննարկում էին` ի՞նչ կտա Ֆրանսիայի Ազգային ժողովում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը և ամփոփում էին 2011թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:
Անուշ Հովհաննիսյանը նշեց, որ Թուրքիայի համար անցնող տարին բնորոշվեց Ֆրանսիայի խորհրդարանում օրերս ընդունված օրինագծով: «Սա Թուրքիայի արտաքին քաղաքական կրախն էր, սակայն իհարկե սա դրական քայլ էր, բայց պետք է նկատի ունենալ, որ քաղաքականությունը նաև շահ է, և այս պահին Ֆրանսիայի ու Հայաստանի շահերը համընկան»,- նշեց Անուշ Հովհաննիսյանը: Ընդունված օրինագիծը Թուրքիայի չկատարած խոստումների պատասխանն է՝ նշեց թուրքագետը:
Ֆրանսիայի ընդունած օրինագծով, ըստ թուրքագետների, միայն պատիժ է նախատեսվում Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելու և քարոզելու դեպքում, այսինքն` խոսքի ազատության սահմանափակման մասին խոսք լինել չի կարող:
Արտակ Շաքարյանն անդրադառնալով Ֆրանսիայում ընդունված օրինագծին՝ նկատեց, որ այն հատուկ հայամետ դիրքորոշում չէր. Ֆրանսիայում հասունացել էր հակաթուրքական ալիքը, ուստի միանգամայն սպասելի էր օրինագծի ընդունումը:
Դինքը այս օրինագծի մասին ասել է՝ թող ընդունեն բանաձևը, եթե ընդունի Ֆրանսիան, կգնամ կկանգնեմ Ֆրանսիայի հրապարակում և կհայտարարեմ, որ ցեղասպանություն չի եղել, հիշեցրեց Ա. Շաքարյանը՝ նկատելով, որ նրա այս հայտարարության շարունակությունը չեն նշում, երբ Դինքը ասել էր` որ այս բանաձևի ընդունումից հետո նաև կգնա Անկարա, կկանգնի հրապարակում և կհայտարարի, որ ցեղասպանություն եղել է, ու կտեսնի՝ և Ֆրանսիայում, և Թուրքիայում ինչպես են իրեն բանտ նետում:
Ո՞վ կարող է Հայաստանի բանագնացը լինել հայ-թուրքական կարգավորման գործընթացում` Արման Կիրակոսյանից հետո, հարցրեցին Ա. Շաքարյանին: Նա նկատեց, որ չի տիրապետում ՀՀ ԱԳՆ-ի դիվանագետների կարողություններին, բայց կարծում է, որ ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի ղեկավար Արսեն Ավագյանը կարող է լավ տարբերակ լինել, քանի որ բավական խորքային պատկերացում ունի «ֆուտբոլային դիվանագիտությունից» և փալյուն տիրապետում է թուրքերենին:
http://www.1in.am/arm/armenia_foreignpolicy_50822.html