Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Ի՞նչ կարող է անել Հայաստանը, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնի հայ–թուրքական արձանագրությունները

Թուրքագետ Արտակ Շաքարյանի կարծիքով՝ մինչև տարեվերջ հայ-թուրքական սահմանի բացումը և նույնիսկ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացումը շատ բարդ է լինելու, քանի որ նախ սահմանված ընթացակարգն այդ հնարավորությունը չի տալիս, և հետո՝ 2009թ. հոկտեմբերին արձանագրությունները Թուրքիայի խորհրդարան են մտել քրդական օրինագծի հետ միաժամանակ։

-Իսկ քրդական օրինագիծը Թուրքիայի համար շատ ավելի կարևոր և շատ ավելի խնդրահարույց է,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Շաքարյանը՝ հավելելով նաև, որ այս ամենից բացի՝ Անկարան փորձում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը փոխկապակցել ղարաբաղյան գործընթացի հետ.

-Թուրքիան, եթե անգամ չսպասի հայկական կողմի զիջումներին, գոնե կսպասի, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում որևէ առաջընթաց փաստագրվի, և նոր դա կընդունի որպես պատրվակ հայկական օրինագիծը վավերացնելու համար։

Այսպիսով, թուրքագետը կարծում է, որ մինչև 2010թ. ապրիլ Անկարան գոնե իր խորհրդարանի ենթահանձնաժողովում պետք է դրական եզրակացություն տա Հայաստան-Թուրքիա արձանագրություններին.

-Ուստի փետրվար-մարտին հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացում եմ սպասում,- նշեց Ա. Շաքարյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ եթե մինչև 2010թ. ապրիլ այս հարցում որևէ առաջընթաց չլինի, ապա հետագայում շատ ավելի դժվար կլինի վավերացնել արձանագրությունները։ Իր այս համոզմունքը թուրքագետը պայմանավորում է այն փաստով, որ 2011թ. Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են լինելու, իսկ ազգայնական կուսակցություններն այդ երկրում ավելի ու ավելի ընդունված են դառնում։ Հետևաբար, որոշակի ազգայնական քայլեր պետք է անի նաև իշխող կուսակցությունը, և արդեն դրա մասին են վկայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները՝ Հայաստանի և ԼՂ-ի խնդրի հետ կապված.

-Եթե հանկարծ մինչև 2010թ. ապրիլ չհասցնեն վավերացնել փաստաթղթերը, 2010թ. վերջին 2011թ. սկսզբին դրանց վավերացումը քաղաքական շատ լուրջ ու անզգույշ քայլ կլինի Անկարայի կողմից։ Ուստի հնարավոր է, որ դրանք հետաձգվեն նույնիսկ մի քանի տարով։

Թե Թուրքիան դեպի ո՞ր զարգացումն է ավելի կողմնորոշված, Ա. Շաքարյանի կարծիքով՝ պարզ կդառնա դեկտեմբերի 7-ին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումից հետո։ Բայց այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ։ Ըստ թուրքագետի՝ թեև հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացը նախևառաջ թուրք-ամերիկյան հարաբերություններում հավասարակշռություն մտցնելու  նպատակ ուներ, սակայն միևնույն ժամանակ Բ. Օբաման բավական  մեծ քանակությամբ զորք է ուղարկում Աֆղանստան, իսկ այդ երկրում Թուրքիան միշտ էլ հզոր հեղինակություն և ազդեցություն է ունեցել.

-Այսինքն, Միացյալ Նահանգներն այժմ Անկարայի աջակցության կարիքն ունի, ինչը ենթադրում է, որ Վաշինգտոնը թերևս չկարողանա լուրջ ճնշումներ գործադրել Անկարայի վրա՝ հայկական օրինագիծը վավերացնելու հարցում։

Հիշեցնենք, որ հայաստանյան ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ եթե Թուրքիան ողջամիտ ժամկետներում չվավերացնի արձանագրությունները, ապա Հայաստանն արդեն խիստ միջոցների կդիմի և նույնիսկ կարող է կասեցնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը։ Ողջամիտ ժամկետն էլ, ինչպես նախօրեին «7օր»-ին ասել են իշխող հանրապետական կուսակցության պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Գագիկ Մինասյանը, առնվազն մինչև 2010թ. գարունն է։ Ի՞նչ կարող է անել Հայաստանը, որ մինչ գարուն Թուրքիան վավերացնի արձանագրությունները։ Ըստ Ա. Շաքարյանի՝ գրեթե ոչինչ.

-Հնարավոր է՝ մենք կասեցնենք, քանի որ ողջամիտ ժամկետներում չի վավերացվել, սակայն, ամեն դեպքում, գնդակը Թուրքիայի դաշտում է, և սպասելուց բացի՝ մեզանից այդքան էլ շատ բան կախված չէ։

Արեգնազ Մանուկյան

http://7or.am/hy/news/2009-12-03/8852/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: