Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

“Ժողովրդավարական նախաձեռնություն” կամ հերթը քրդերինն է

2009թ. մարտին Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը թեհրանյան այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողներին հայտնեց, թե “դրական զարգացումներ են սպասվում քրդական հարցում”: Մի քանի ամիս անց` դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմնադրական դատարանը միաձայն որոշում ընդունեց փակել խորհրդարանում ներկայացված քրդական Դեմոկրատական հասարակություն կուսակցությունն ու արգելել նրա անդամներից 37-ին առաջիկա 5 տարին զբաղվել քաղաքական գործունեությամբ:

 2009թ. մարտի 29-ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման ընտրություններ էին և քրդերը տպավորիչ հաղթանակներ տարան երկրի` մեծամասամբ քրդաբնակ հարավ-արևելքում` մտահոգության առիթ տալով մնացած բոլոր քաղաքական ուժերին: Իսկ 2011թ. խորհրդարանական ընտրություններ են, և քրդական Դեմոկրատական հասարակություն կուսակցությունն ունի ընտրողների 6 տոկոս, որը թեև բավարար չէ խորհրդարան մտնելու համար, սակայն լավ գործիք է ու լուրջ հենարան:

 Գյուլի ու Էրդողանի ղեկավարած Արդարություն ու զարգացում կուսակցությունն սկսեց լայնամասշտաբ նախապատրաստություն խորհրդարանական ընտրություններին` հիմնական թիրախն ընտրելով ազգայնականներին ու փորձելով իր քայլերով նրանց զրկել հենարանից ու տասնամյակներ ի վեր քվե բերող քրդական  ու հայկական խնդիրներից: «Հայկական նախաձեռնության» մասին զրուցել ենք անցյալ համարում, իսկ ինչ էր իրենից ներկայացնում «քրդական», ավելի շուտ «դեմոկրատական նախաձեռնությունը», որն այսօր շատ ավելի կարևոր է ու այժմեական Թուրքիայի հասարակության համար, քան սահման բացել-չբացելու հարցը: Արդյոք դա իրականում այդպես է, թե Անկարան ինչպես միշտ, միանգամից մի քանի խնդիր առաջ բերելով ու ջուրը պղտորելով, փորձում է որսալ միանգամից բոլոր ձկներին:

 «Դեմոկրատական նախաձեռնության» վերաբերյալ առաջին հանրային ժողովը կազմակերպվեց օգոստոսի 1-ին, երբ Ոստիկանական ակադեմիայում Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը «Քրդական հարցի լուծումը. դեպի Թուրքիայի մոդել» կոնֆերանսի ժամանակ մասնակիցներին հայտնեց իր կարծիքներն ահաբեկչության խնդրի ու դրա պատճառների վերաբերյալ: Այդ քայլից հետո Աթալայն այցելեց որոշ քաղաքական կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ, ինչի շրջանակում հանդիպում ունեցավ քրդական Դեմոկրատական հասարակություն կուսակցության նախագահ Ահմեթ Թյուրքի հետ, որից հետո հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Սա Թուրքիայի մեծ եղբայրության ու խաղաղության նախագիծն է: Սեփական հարցերն ինքներս ենք լուծելու»:

 Էրդողանը նույնպես չէր կարող անմասն մնալ այս մեծ շոուից. այս ընթացքում նա քանիցս ելույթ ունեցավ իր քաղաքական կարիերայի ամենից հուզիչ ճառերով առաջ բերելով քրդական հարցի մարդկային, մշակութային ու զգացական ասպեկտները: Ողջ գործընթացը բերեց նրան, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովի մերօրյա պատմության մեջ առաջին անգամ քրդական հարցը դրվեց քննարկման: 2009թ. նոյեմբերի 10-13-ին «դեմոկրատական նախաձեռնությունը» քննարկվեց խորհրդարանում: Փոխադարձ վիրավորանքներով, հայրենիքի դավաճանության մեղադրանքներով և այլ սկանդալային հայտարարություններով լի քննարկման արդյունքում հաստատման «խողովակաշարի» մեջ դրվեցին շրջադարձային կարևորություն ունեցող մի քանի կետեր, որոնց մասին խոսելն անգամ մի քանի տարի առաջ կհամարվեր սրբապղծություն. հիմնական շեշտը քրդերեն լեզվի վերականգման վրա է (քրդերեն լեզվի ուսումնասիրում դպրոցներում ու ԲՈՒՀ-երում, քրդերենի թույլատվություն բանտերում, քրդերեն լեզվով հեռուստառադիոհաղորդումների թույլատրում, քրդերենով հատուկ անունների թույլատրում), ինչպես նաև ՔԲԿ ահաբեկչական համարվող գործունուեթյանը մասնակցած, սակայն հետ խաղաղ կյանքին վերադառնալ ցանկացողներ համար «ակտիվ զղջման օրենքը», որը փաստորեն մասնակի համաներում է: Իրականում, այս ամենը Քրդական բանվորական կուսակցության չեզոքացմանն ուղղված քայլեր էին:

1999թ. Աբդուլահ Օջալանի ձերբակալումից հետո ՔԲԿ ռազմաքաղաքական առաջնորդությունը մի քանի հազար գրոհայինների հետ միասին տեղակայվեցին Հյուսիսային Իրաքի լեռներում ու այսօր Թուրքիայի հիմնական խնդիրներից մեկն է, որ պարբերաբար քննարկվում է Վաշինգտոն-Անկարա հանդիպումների ժամանակ, ՔԲԿ գրոհայիններին Քանդիլ լեռան փեշերից վտարելը: Նախկինում` Սադդամի օրոք, Թուրքիան պարզապես զորք էր մտցնում Իրաք, խորանում մի քանի կիլոմետր` ճանապարհին “մաքրելով” ամեն ինչ: Սակայն ԱՄՆ ներկայությունից հետո դա այլևս առանց Պենտագոնի թույլատվության հնարավոր չէր: ԱՄՆ նոր քաղաքականությունն, ըստ որի Օբաման ծրագրում է զորքերը դուրս բերել 2011թ., հուշեց Թուրքիային շտապ քայլեր ձեռնարկել քրդերի հանդեպ քաղաքականության մեջ:

Թուրքիայի փոփոխված քաղաքականությունը հասկանալու համար պետք է վերոնշյալ հարցից բացի դիտարկել մի քանի այլ ասպեկտ ևս: Թուրքիան տարածաշրջանային էներգետիկ խաչմերուկ դառնալու հավակնություններ ունի` գտնվելով Կասպյան ավազանի ու Պարսից ծոցի, Իրան ու Ռուսաստանի` մի կողմից, և  Եվրոպայի ու ընդհանրապես Արևմուտքի` միջև մյուս կողմից: Մերձակա ու չհետազոտված ածխաջրածնային հանքերը քրդական Իրաքի տարածքում Թուրքիայի այս ռազմավարական տեսլականի մի մասն են, ուստի Անկարային պետք է ստեղծել անվտանգության գոտի, որպեսզի իրականացվեն էներգետիկ ծրագրերը` ներառյալ Նաբուկոն: Քրդական հարցի լուծումը նաև մեջտեղից կհանի այն հիմնական խանգարող հանգամանքը, որ միշտ արգելակում էր թուրքերի ու իրաքյան քրդերի համագործակցությանը, իսկ վերջիններս ապագայում հնարավոր է դառնան կարևոր խաղացող` ի նկատի ուեննալով իրաքյան Քրդստանում առկա ածխաջրածինների էական պաշարները:

Քրդական հարցի մեղմ ուղիներով լուծելը, քրդական այլընտրանքային քաղաքական կուսակցությանն արտահայտման հնարավորություններ ընձեռնելն ու գրոհայիններին համաներում շնորհելը հետապնդում է ՔԲԿ-ին հենարանից զրկելու նպատակը նույնպես: Անկարայից դժգոհ քուրդ բնակչությունը, տեսնելով զինյալ պայքարին այլընտրանք ու իր ցանկությունների արտահայտման ուղի, կդադարեր և մի պահ դադարեց ՔԲԿ-ին աջակցել, իսկ առանց ժողովրդի աջակցության ոչ մի ուժ չի կարող երկար ժամկետով պահել թեկուզ և ոչ-ֆորմալ իշխանությունը: ՔԲԿ-ի հանդեպ հաղթանակը մոտ էր, երբ 2009թ. հոկտեմբերի 19-ին ՔԲԿ 34 անդամներ վերադարձան Իրաքից Թուրքիա, հանձնվեցին իշխանություններին, իսկ դատավորներն ու դատախազները նրանց ազատ արձակեցին: Եվ այս ամենը կենդանի եթերով հեռարձակվեց ողջ Թուրքիայով մեկ: Թվում էր, թե սա ՔԲԿ-ի վերջն է:

Քրդական բանվորական կուսակցությունը, քաջապես գիտակցելով այդ հեռանկարը, բնականաբար պետք է աներ ամեն ինչ, որպեսզի տապալվի ԱԶԿ իշխանության ծրագիրն ու քրդական նախաձեռնությունը դրա հետ միասին: Իսկ քեմալիստական ու ազգայնական ուժերին պետք էր մի պատրվակ, որպեսզի դուրս ժայթքի մի քանի տարի շշում խցանված ջինը:

Այն պատրվակով, որ Օջալանին տեղափոխել են իր նախկին բանտախցի կես-մեծության նոր բանատախուց, ՔԲԿ-ի հիմնադրման հոբելյանին նվիրված ցույցերը վերափոխվեցին բախումների: Տարբեր քաղաքներում բախումները գագաթնակետին հասան Թոքաթում դեկտեմբերի 7-ի հարձակմամբ: Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանի` քրդական Դեմոկրատական հասարակություն կուսակցության փակման մասին որոշումն էլ կրկին քաղաքական բեմ բերեց նորացված քրդական հարցը:

Ուստի այսօր Թուրքիայում հայ-թուրքական արձանագրություններն ու դրանց վավերացման հարցն իր թեժությամբ զիջում է քրդականին: Անկարան հմտորեն քաղաքական օրակարգ է մտցնում մերթ մեկը, մերթ մյուսը, մեկ երրորդը` այդպիսով մեկի ուժով չեզոքացնելով մյուսի արդիականությունը: 2010 ապրիլի 24-ին մնաց շատ կարճ ժամանակ և դեպքերը զարգանալու են քանիցս արագացված տեմպերով:

One comment on ““Ժողովրդավարական նախաձեռնություն” կամ հերթը քրդերինն է

  1. turkaget
    Փետրվարի 19, 2010

    հրապարակված է “Մեգապոլիս”ի 2րդ համարում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: