Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց -մամուլի ասուլիս

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հաջողություններից Հայաստանը կարող է ցնծալ այն ժամանակ, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած 252 բանաձեւը ներառվի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում եւ հաստատվի: Նման տեսակետ արտահայտեց թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում` ավելացնելով, որ սա Միացյալ Նահանգներում ցեղասպանության ճանաչման գործընթացի հինգ փուլերից առաջինն ու առավել դյուրինն էր. այն դեռ պետք է անցնի Կոնգրեսի օրակարգով, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովով, Սենատի լիագումար նիստով, որից հետո միայն հասնի երկրի ղեկավար Բարաք Օբամային:

Նա հիշեցրեց, որ նման մի բանաձեւ նույն հանձնաժողովն ընդունել է նաեւ 2007 թվականին, որը, սակայն այդպես էլ Կոնգրեսի նիստերում չի ընդգրկվել: «Աժմ հարցի քննարկման հաջորդ օղակներն են կարեւոր, իսկ դրանցից առաջինը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիից է կախված, նրա որոշմամբ բանաձեւը կարող է ընդգրկվել պալատի նիստերի օրակարգ»,- նշեց նա` ավելացնելով, որ բանաձեւի հետագա հաջողությունների համար հնարավորինս պետք է հայկական լոբբիստական լծակներով աշխատել:

Բանաձեւի ընդունումից հետո պաշտոնական Անկարայի ցուցաբերած քաղաքականությունը` երկրի ղեկավարների հայտարարությունները, դեսպան Նամիկ Թանին հետ կանչելը, Ա.Շաքարյանը համարում է տրամաբանական: Սակայն կարեւորը Թուրքիայի կողմից հետագա քայլերն են. առաջիկայում հարեւան պետության տրանսպորտի նախարարի այցն է նախատեսված ԱՄՆ, բացի դրանից, ապրիլին Միացյալ Նահանգներում կկայանա համաժողով` նվիրված միջուկային տեխնոլոգիաներին, որին հրավիրված է նաեւ վարչապետ Ռ.Թ.Էրդողանը: «Թուրք-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացումները հասկանալու համար այժմ պետք է սպասել, թե կկայանան արդյո՞ք այդ այցերը»,- ավելացրեց նա:

Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների վավերացման գործընթացի մասին թուրքագետն ասաց, որ Թուրքիան մշտապես ձգձգելու քաղաքականություն է վարում: «Ակնհայտ է, որ Թուրքիան անկեղծորեն չի ցանկանում լիարժեք, լիիրավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ»,- ասաց նա: Թուրքագետի խոսքով, Անկարան ցանկանում է հարաբերությունների բարելավման այս գործընթացով հնարավորինս զերծ մնալ օտար ճնշումներից, սակայն հիմա գերտերությունները Թուրքիայի վրա ճնշումներ են գործադրում ու փորձում են այդ ճանապարհով հաշտեցնել նրան Հայաստանի հետ:

Բացի դրանից, հարաբերությունները կարգավորելու համար սահմանվել են երկու փաստաթղթեր, մեկը դիվանագիտական հարաբերությունների հաստատման, մյուսը` սահմանի բացման վերաբերյալ: Որպես գործընթացի շարունակման վերջին հնարավորություն Թուրքիան կարող է հաստատել միայն սահմանի բացման վերաբերյալ փաստաթուղը` այդպիսով գոնե մեկ քայլ կատարած համարելով:

«Եթե արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած 252 բանաձեւը մտնի Կոնգրեսի օրակարգ, Թուրքիան արձանագրությունները վավերացնելու իր «սառեցրած» քայլերից հնարավոր է հետքայլ կատարի եւ առաջինը վավերացնի, իսկ եթե ԱՄՆ-ն թուլացի ճնշումը, Անկարան կշարունակի այսօրվա դիքորոշումն ու քաղաքականությունը»,- ավելացրեց նա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: