Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձը

Նախագահ Սերժ Սարգսյանի հեռուստաուղերձը` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

“Սիրելի’ հայրենակիցներ,

Մեկ տարի է անցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստան-Թուրքիա-Շվեյցարիա համատեղ
հայտարարությունից: Այս ընթացքում հրապարակվել, հանրային քննարկման են ներկայացվել և ստորագրվել այդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկու արձանագրությունները: Այդ փաստաթղթերը տևական ժամանակ է արդեն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում են` սպասելով վավերացման:

Հայաստանը մշտապես ի ցույց է դրել իր հետևողական նվիրվածությունը հարաբերությունների կարգավորման գործընթացին` հասնելով մինչև
արձանագրությունները Ազգային Ժողովի օրակարգում ընդգրկելը: Ողջ աշխարհին մենք ցույց տվեցինք մեր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում` հանդես գալով միայն կառուցողական դիրքերից: Մենք հայտարարեցինք նաև, որ Թուրքիայի կողմից արձանագրությունները, պայմանավորվածության համաձայն, առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը բացառվում է:

Այսօր եկել է “ողջամիտ ժամկետներում” ասածը և “առանց նախապայմանների” գործելաոճը գնահատելու ժամանակը: Դրանք ոչ միայն Հայաստանի, այլ
գործընթացի մեջ ներգրավված բոլոր միջնորդների, մեր բոլոր միջազգային գործընկերների կողմից սահմանված չափանիշներ են:

Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար մեր եզրակացությունն ու դիրքորոշումն էլ միանշանակ է.

Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել:

Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդունելի է:
Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած`
հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված:

Սիրելի’ հայրենակիցներ,

Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերաբերյալ ես քննարկումներ եմ ունեցել և շարունակում եմ դրանք Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև եվրոպական մի շարք կառույցների մեր գործընկերների հետ: Ես շնորհակալ եմ նրանց` մեր նախաձեռնությանը ցուցաբերած օժանդակության, գործընթացին սատարելու և դրա առաջընթացին միտված ջանքերի համար:

Չեմ թաքցնում, մեր գործընկերները հորդորել են ինձ շարունակել գործընթացը, հորդորել են չկանգնեցնել այն:

Եվ հարգելով նրանց, նրանց ջանքերն ու անկեղծ ցանկությունները, կոալիցիոն գործընկերների հետ և Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո, մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Վստահ եմ` սա է պահանջում
մեր ազգային շահը:

Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրությունը, որովհետև ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգավորման
հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն: Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր քաղաքական
նպատակները մնում են ուժի մեջ, և մենք կդիտարկենք առաջ շարժվելու հարցը, երբ համոզվենք, որ Թուրքիայում կա համապատասխան մթնոլորտ և երբ
Անկարայում կտեսնենք հարաբերությունների կարգավորմանը վերստին պատրաստ առաջնորդություն:

Ի լուր աշխարհի հայտարարելով, որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների 2008 թվականի սեպտեմբերյան հանդիպումից սկսված գործընթացի այս փուլը մեզ համար այլևս ավարտված է, միևնույն ժամանակ ես շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի Նախագահ Աբդուլահ Գյուլին` այս ողջ ընթացքում ցուցաբերած քաղաքական կոռեկտության և այն դրական հարաբերությունների համար, որ ձևավորվեցին մեր միջև:

Սիրելի’ հայրենակիցներ,

Երկու օրից մենք նշելու ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցը: Ցեղասպանության միջազգային ճանաչման մեր պայքարը շարունակվում է, և եթե Թուրքիայում որոշ շրջանակներ փորձում են օգտագործել մեր անկեղծությունն ի վնաս մեզ, օգտագործել այս գործընթացը` խուսափելու համար ապրիլի 24-ի իրականությունից, ապա նրանք լավ պետք է իմանան` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող օր է, բայց այն որևէ կերպ չի սահմանափակում դրա միջազգային ճանաչման ժամանակացույցը:

Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն պետություններին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զորակցում են մեզ
մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտման ու կանխման գործում: Շնորհակալություն ենք հայտնում նաև պատմական ճշմարտության վերականգնման համար պայքարող թուրք մտավորականներին, ովքեր կիսում են մեր ցավը: Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին մենք բոլորին կոչ ենք անում հիշել, որ պետական մակարդակով մշակված ծրագրով և միայն հայ լինելու համար հրի ու սրի մատնված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը ողջ մարդկության առջև դեռ շարունակում է ճանաչման ու դատապարտման պահանջ դնել:

Սիրելի’ հայրենակիցներ,

Այսօր մենք ամուր ենք ավելի, քան երբևէ, մեր ճակատը պարզ` ինչպես միշտ: Ավելի լավ Հայաստանի, ավելի լավ տարածաշրջանի, ինչու չէ` նաև աշխարհի,
ավելի ամուր ու միասնական հայության նպատակներին միտված մեր ջանքերն այսուհետ միայն ավելանալու են:
Վստահ եղեք` արդյունքներն էլ անընդհատ տեսանելի են լինելու:

Աստված մեզ պահապան”:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: