Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

«ՄԱՐԴ ՉԶՈՀՎԵՐ, ԱՂՄՈՒԿ ՉԷՐ ԼԻՆԻ, ԵԹԵ ԱՂՄՈՒԿ ՉԼԻՆԵՐ, PR ՉԷՐ ՍՏԱՑՎԻ, ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՈՏՔԻ ՉԷՐ ԿԱՆԳՆԻ ՀԱՆՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ»

-Պարոն Շաքարյան, սպասելի՞ էին Իսրայել-Թուրքիա այսպիսի զարգացումները:
-Սպասելի էին: Նախ` որովհետև Իսրայելը հայտնի է իր չզիջող դիրքորոշմամբ և պատժամիջոցներով, ուստի Թուրքիայի համար նման արձագանքն անակնկալ չէր կարող լինել: Եվ ապա, արդեն մի քանի տարի է, ինչ Թուրքիան վարում է հակաիսրայելական քաղաքականություն, որով փորձում է դիվիդենդներ շահել արաբական աշխարհում: Հիշենք անցած տարի

Դավոսում Էրդողան-Պերես դեմարշը, Իսրայելում Թուրքիայի դեսպանի և ԱԳ փոխնախարար Դանի Այալոնի միջև տեղի ունեցածը (այդ հանդիպման ժամանակ չկար իսրայելակական դրոշը, Այալոնի համար էլ նախատեսվել էր ավելի ցածր աթոռ), կա՛մ Թուրքիայում տեղակայված պաստառը, որտեղ Պերեսը խոնարհվում է Էրդողանի առաջ:
Բանն այն է, որ Թուրքիան առաջիկա տարվա համար ունի լուծելու մի քանի խնդիրներ, որոնցից ամենակարևորը, թերևս, 2011-ի խորհրդարանական ընտրություններն են: Էրդողանի իսլամիստական կուսակցությունն ուզում է անպայմանորեն հասնել հաղթանակի, իսկ դրա համար պետք է ավելի իսլամականացնել թուրք հասարակությանը. այսինքն` սերմանել ռադիկալիզմ և ամեն կերպ ցույց տալ, որ օրվա իշխանությունները բարձր են պահում իսլամի արժեքները: Երկրորդ նման խնդիրը թուրք-իրանական հարաբերությունների առավել ջերմացումն է, և պետք է անել ամեն ինչ, որ Իրանը վստահի Թուրքիային: Այս դեպքում աշխատում է «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն» է սկզբունքը. նկատի ունեմ իրանա-իսրայելական դիմակայությունը:
Այդ ամենը, այո, այսպես է, սակայն մյուս շատ դեպքերում, զարգացումները երբեմն դուրս են գալիս վերահսկողությունից, ինչպես եղավ, ասենք, դեպքի օրը, երբ թուրք ամբոխը հարձակվեց Իսրայելի հյուպատոսության վրա:
-Նյարդերի պայքար տեղի ունեցավ նաև Գազա հումանիտար բեռներ տեղափոխող նավերի վրա. նկատի ունեմ իրավապաշտպաններին:
-Դա ընդհանուր խաղի բաղկացուցիչներից էր, եթե բանը դրան չհասցվեր, մարդ չզոհվեր, աղմուկ չէր լինի, եթե աղմուկ չլիներ, PR չէր ստացվի, արաբական աշխարհը ոտքի չէր կանգնի հանուն Թուրքիայի:
-Փաստորեն, խաղը երկկողմանի էր` Իսրայել-Թուրքիա տանդեմով. ինչու, որովհետև արաբական աշխարհը Թուրքիայի տակ տանելը ԱՄՆ-Իսրայել տանդեմի իդեա-ֆիքսն է:
-Շատ ճիշտ է։ Թուրք-իսրայելական հարաբերությունները շատ երկարատև և ռազմավարական բնույթի են, և այս միջադեպը այդ ռազմավարության ընդհանուր պատկերի մի հատվածն էր: Այո, հենց Իսրայելի ցանկությունն է, որ արաբական աշխարհն Իրանից «անցնի» Թուրքիային: Այո, հավանականությունը մեծ է, որ այդ բոլոր քայլերը փոխհամաձայնեցված են:
-«Արանքում» մնաց անմեղ մարդկանց արյունը: Եվ, այնուհանդերձ, Իրանը, բոլոր դեպքերում, համաձայնեց իր ուրանը Թուրքիայում հարստացնելու հիպոթետիկ գաղափարին. հիշենք, որ Թուրքիան ուրանի հարստացման տեխնոլոգիաներին չի տիրապետում:
-ՈՒրանի առնչությամբ Իրան-Թուրքիա պայմանավորվածությունը հետևյալն է. այլ երկրներում հարստացված ուրանը Թուրքիայի տարածքում փոխանակվելու է Իրանի ուրանի հետ. սրան է Իրանը տվել իր համաձայնությունը: Դա գործընթաց է, որում Իրանը ցանկացած պահի կարող է հետ վերցնել իր խոսքը: ՈՒստի Թուրքիան պարտավոր է առաջիկա ժամանակահատվածի համար և ժամանակ առ ժամանակ վերահաստատել իր հակաիսրայելականությունը:
-Փաստորեն, ողջ աշխարհը այդ խաղի բաղկացուցիչն էր, որովհետև թե՛ Եվրոպան, թե՛ արաբական աշխարհն անչափ միահամուռ ոտքի կանգնեցին ու դատապարտեցին Միջերկրական ծովում կատարվածը. Իսրայելը կամովի՞ն գնաց այդ «ժերտվապրինաշենիային»:
-Այո, գնաց, որովհետև Իսրայելի համար դա խիստ սկզբունքային հարց է: Սկզբունքային է այնքանով, որ եթե մեկ նավ բաց թողնի, դա կլինի նախադեպ հաջորդ նավերի համար. պատմությունն ունի շատ դեպքեր, երբ հումանիտար անվան տակ զենք են տեղափոխել, ինչից էլ վախենում է Իսրայելը:
-Եվ, այնուհանդերձ, պարոն Շաքարյան, ինչո՞ւ հենց հիմա:
-Արդեն ասացի` Իրանի հետ պայմանագիրը դեռ թարմ էր, և պետք էր այն վերահաստատել: Թուրքիան ռիթմիկ դիվանագիտության սկզբունք ունի: Այսինքն` ոչ թե պետք է սպասել իրադարձության ի հայտ գալուն, այլ պետք է ժամանակ առ ժամանակ սեփական ուժերով բեմադրել որևէ դիվանագիտական զարգացում:
-Խոսակցություններ կան, որ, այնուհանդերձ, այդ «բեմականացումներն» այնքան էլ Միացյալ Նահանգների սրտով չեն. ուրանի թուրքական «հարստացման» և հարակից «թատրոնների» մասին է խոսքը:
-Եթե ԱՄՆ-ը ցույց տա իր գոհունակությունը և համաձայնությունն այդ ամենին, ապա ողջ սցենարը կտապալվի ու կասկածներ կառաջացնի Թեհրանի մոտ:
-Պարոն Շաքարյան, ես և Դուք, շատերը, դա հասկանում են, Իրանը, որ հին ժողովուրդ է և հազարամյակների պատմություն ունի, ընդ որում, շատ դեպքերում նաև` խորամանկ-գրագետ պատմություն, չի՞ «կարողանում» հասկանալ:
-Իրանը, այո, հայտնի հնամենի ազգ և ժողովուրդ է` քաղաքական նույնքան հին մշակույթով, և այդ ամենը հասկանալով հանդերձ, միևնույն է, պետք է գտնի ժամանակ ձգելու հնարավորությունը: Սա է պատճառը: Առավել քան համոզված եմ, որ Իրանը քաջ գիտի տարածաշրջանում Թուրքիայի մրցակից լինելու բոլոր նրբությունները:
-Փաստորեն, ստացվում է, որ բոլոր կողմերն այդ արյունոտ դեպքից հետո չաղ-ուրախ-բախտավոր են, բացի զոհերից, որոնց համար էլ միջազգային իրավապաշտպան համապատասխան կազմակերպություններն էլ հանդես կգան համապատասխան հայտարարություններով: Այսինքն` մեծ սցենարն ստացվեց:
-Մեծ սցենարի այս մի հատվածը, այո, կարելի է համարել «ստացված»: Եվ այնուհանդերձ, սպասվում են նոր զարգացումներ: Եթե շատ կարճ ասելու լինեմ, ապա թուրք-սիրիական հարաբերությունների աննախադեպ վերելքը սույն սցենարի հաջող ընթացքի ցուցիչներից է:
-Այդ դեպքում Հայաստանն ո՞ւր է այս ամենում:
-Հայ հասարակության մի ստվար հատված այս պահին և այս ամենից արտածված սին հույսեր ունի, որ այդ բախումը կբերի Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչմանը, սակայն դրա հավանականությունն այնքան էլ բարձր չէ, քանի որ Թել Ավիվի ռազմավարական շահերից չի բխում:
-Բոլոր դեպքերում, պարոն Շաքարյան, խոսակցություններ կան, որ Միացյալ Նահանգներ-Թել Ավիվ հարաբերություններն առաջվանը չեն:
-Դա գալիս է Բարաք Օբամայի արտաքին քաղաքական դոկտրինի ռազմավարությունից: Նա ձգտում է իսլամական աշխարհի հետ կարգավորել հարաբերությունները: Համապատասխանաբար էլ փորձում է մի քիչ ավելի խիստ լինել Իսրայելի հանդեպ: Ոմանք կարող են նաև հիշել Բարաք Հուսեին Օբամայի իսլամական արմատները. հիշենք, որ նրա նախնիները քենիացի մահմեդականներ էին: Նա որոշել է օգտագործել այդ յուրահատկությունը ևս` իսլամական աշխարհի հետ հաշտվելու գործում:
-Իսկ Ռուսաստա՞նը որտեղ է այս ամենում:
-Ցավոք, Ռուսաստանը ԽՍՀՄ անկումից հետո Մերձավոր Արևելքում շատ թույլ դիրքեր ունի:
-Ինչո՞ւ, Մեդվեդևը լավ էլ առաջին անգամ գնաց Սիրիա, էնտեղ էլ հանդիպեց ՀԱՄԱՍ-ի հետ:
-Դուք ինձ ընդհատեցիք, ես պատրաստվում էի ասել, որ միայն վերջերս Մոսկվան սկսեց Մերձավոր Արևելքում վերագտնել իր դիրքերը:
-Ի դեպ, հունիսի 8-ին սպասվում է Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Այցերի այդ ի՞նչ պերմանենտություն է. Մեդվեդև, հիմա էլ` Պուտին:
-Ռուսաստանը Թուրքիայի թիվ մեկ առևտրային գործընկերն է, Թուրքիան Ռուսաստանի էներգետիկ քաղաքականության մեջ անչափ կարևոր օղակ է: Բացի այդ, Մոսկվան ձգտում է Թուրքիայում ատոմակայանի շինարարությունը վերցնել իր ձեռքը. այն ազդեցության անչափ մեծ լծակ կդառնա Ռուսաստանի համար տարածաշրջանում: Ասել է` ռուս-թուրքական հարաբերությունները բացառապես տնտեսական մակարդակ ունեն:
-ՈՒզում եք ասել, որ ոչ մի Ղարաբաղի ու հայ-թուրքականի հարց Պուտինն այնտեղ չի՞ քննարկի:
-Ղարաբաղի և հայ-թուրքական սահմանի հարց Պուտինն այնտեղ հաստատապես կքննարկի, քանի որ այդ հարցերը շատ էական են երկու երկրների համար:
-Ի՞նչ ենթատեքստով:
-Պուտինը տարվա սկզբին հստակորեն հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացումն ու Արցախի հարցերը տարբեր խնդիրներ են: Սակայն Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո Մոսկվային անհրաժեշտ է հայ-թուրքական սահմանի բացումը:
-Հիմա Մոսկվային ո՞րն է անհրաժեշտ` սահմանի բացո՞ւմը, երկու շրջանների վերադա՞րձը, թե՞ բոլորը միասին:
-«Իդեալական» կլիներ` բոլորը միասին, սակայն կոնկրետ Մոսկվայի համար առաջնային է սահմանի բացումը:
-Դուք նման սցենարն իրատեսակա՞ն եք համարում:
-Արցախի հաշվին սահմանի բացման սցենարը` ոչ, իսկ այլ տարբերակները կարելի է և քննարկել:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

http://www.idefacto.am/page.php?section=news_more&id=3418

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: