Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

ՍԿԶԲՈՒՄ ԹՇՆԱՄՈՒՆ ՍՊԱՆՈՒՄ ԵՆՔ ՄՏՈՎԻ…

Թուրքիայում շարունակվում են հակաիսրայելական ցույցերն ու բողոքները: Վերջիններիս չեն զիջում Իսրայելում տեղի ունեցող հակաթուրքական ակցիաները: Երկու երկրներում էլ պարբերաբար այրվում են հակառակորդ կողմի դրոշները, հազարավոր ցուցարարներ դուրս են գալիս փողոցներ` միմյանց մեղադրող, երբեմն էլ նսեմացնող կարգախոսներով: Անխոս, Թուրքիայի եւ Իսրայելի վարած նման ագրեսիվ քաղաքականության հետեւանքով կարող են տուժել երկու երկրների հասարակությունները: Անմասն մնալով քաղաքական էլիտայի “խաղերից”` հասարակություններն ականատես են միայն իրադարձությունների ընթացքին, որն էլ այսօրվա դրությամբ տանում է միմյանց նկատմամբ “թշնամու կերպարի” ձեւավորմանն ու զարգացմանը: “Թշնամու կերպար” հասկացությունը սահմանվում է որպես գաղափարախոսական եւ հոգեբանական կարծրատիպ: Թշնամուն վերագրվում են բոլոր բացասական գծերն ու մտադրությունները, նա ագրեսոր է, հանցագործ, սադիստ, չարիքի մարմնացում: Պատասխանելով “Արմեդիա”-ին հուզող հարցերին` “Այգ” հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան, հոգեթերապեւտ Մարիա Թեւոսյանը նկատում է, որ “թշնամու կերպարի” ամենակարեւոր բաղադրիչը նրա լիակատար ապամարդկայնացումն է` մարդկային գծերի եւ “դեմքի” բացակայությունը: Դրան զուգահեռ ընթանում է սեփական մտադրությունների եւ գործողությունների արդարացումը, որը կարող է հասնել անհեթեթության: Մենք իրավացի ենք, նրանք սխալվում են, մենք անմեղ ենք, նրանք` մեղավոր, մեր հրթիռները պաշտպանվելու համար են, նրանցը` հարձակման, մենք ազատարարներ ենք, նրանք` ահաբեկիչներ, եւ այլն: Հոգեբանի վերոնշյալ դիտարկումները լիովին համապատասխանում են մասնավորապես Թուրքիայի որդեգրած քաղաքականությանը: Թուրքիան միջազգային հանրությանը եւ հատկապես իսլամական աշխարհին փորձում է վստահեցնել, որ ինքը պայքարում է “հանուն խաղաղության”, “հանուն արդարության” ու “հանուն Պաղեստինի ժողովրդի ազատության”: Ավելին` Թուրքիան փորձում է “խաղաղության աղավնու” դեր ստանձնել` մոռանալով իր երկի ներսում տիրող անհանդուրժողական մթնոլորտի մասին (“ԹՈՒՐՔԻԱ. ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻՆ” ): “Ամեն դեպքում Թուրքիայի համար այսօր թշնամու կերպար ստեղծելը պարտադիր է, քանի որ Թուրքիայում խճանկարային ու արհեստածին հասարակություն է, եւ նրան պետք է մի ընդհանուր թշնամի, որպեսզի երկիրը միավորվի: Մի ժամանակ դա անհավատներն էին, ապա հայերը, ապա Խորհրդային Միությունը եւ այլն, եւ այլն”,-ընդգծեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` “Արմեդիա”-ի հետ զրույցում: Միաժամանակ հոգեբան Մարիա Թեւոսյանը նշում է, որ վերոհիշյալ կրկնակի ստանդարտների կիրառումը հանգեցնում է ավելի ու ավելի չարդարացված ու անհամարժեք գործողությունների, որոնք էլ արդարացնելու համար թշնամուն վերագրվում են ավելի ու ավելի նենգ մտադրություններ, եւ այս ամենի արդյունքում ձեւավորվում է թշնամանքի փակուղին` մի կախարդական փակ շղթա: Ըստ հոգեբանի` այն հանգամանքը, որ այսօր լրատվամիջոցներով պարբերաբար հնչում են “թշնամու կերպար”, “ազգային կարծրատիպեր” արտահայտությունները, առաջին հերթին վկայում է միջազգային հարաբերություններում հոգեբանական գործոնի տեղի եւ դերի գիտակցման եւ կարեւորման մասին: Այն, ինչը տարբերվում է, պետք է ոչնչացնել… Հոգեբանն ուշադրություն է դարձնում “մենք”–”նրանք” բանաձեւով կառուցված հակամարտությունների վրա, որոնք դարերի պատմություն ունեն: Թեւոսյանն ընդգծում է, որ մարդը, բախվելով այլ կենսակերպի, սովորույթների, մշակույթի, պատկերացումների հետ, համադրում է դրանք իր ունեցածի հետ եւ, որպես կանոն, թշնամաբար տրամադրվում եւ մերժում դրանք: Պատմամշակութային պրակտիկայում կարելի է նկատել նաեւ հոգեբանական այնպիսի մեխանիզմի ազդեցությունը, որն անվանի հոգեբան Զ. Ֆրեյդը անվանել է պրոյեկցիա: Պրոյեկցիան սեփական արտամղված ագրեսիան եւ չարությունը դիմացինին վերագրելու միջոց է: Հասարակության շրջանում միշտ էլ առկա են դժգոհության բազմազան պատճառներ, որոնց ամբողջությունը կարելի է անձնավորել “թշնամու կերպարի” միջոցով, ինչպես դա արեց Հիտլերը` բոլոր չարիքների աղբյուր հայտարարելով հրեաներին: “Սկզբում թշնամուն սպանում ենք մտովի, ապա զենք ու միջոց ստեղծում ֆիզիկապես նրան խոցելու համար”,- նշում է Մ. Թեւոսյանն ու ավելացնում, որ սխալ կլիներ բոլոր հակամարտությունները հանգեցնել միայն այս կամ այն երկրի ու ժողովրդի կերպարի սխալ ընկալմանը կամ բացասական ազգային կարծրատիպերին, դրանց հիմքում ավելի հաճախ ընկած են իրական տնտեսական, քաղաքական պատճառները, շահերի բախումը: Միեւնույն ժամանակ սոցիալական լարվածության իրավիճակը ինքնին ծնում է “թշնամու կերպար” ու սնվում նրա բացասական լիցքերով` վերաճելով ագրեսիայի եւ հակամարտության: Հոգեբանն ընդգծում է, որ “թշնամու կերպարը” վտանգավոր է ինչպես միջազգային հարաբերությունների կայունության, այնպես էլ երկրի ներքաղաքական վիճակի համար: Այն հանգեցնում է ընդհանուր լարվածության, արտաքին վտանգի հողի վրա հիստերիայի դրսեւորման, ընդհանուր եւ համատարած կասկածամտության, անհանդուրժողականության մթնոլորտի ձեւավորման, այլախոհության ճնշման, ներքին խնդիրների կամ, այլ կերպ ասած, սեփական “աչքի գերանի” անտեսման: Հոգեբան, հոգեթերապեւտ Մարիա Թեւոսյանը նկատում է, որ լարվածության վերաճումը հակամարտության, վերջինիս “էսկալացիան” կարող են հանգեցնել անկառավարելի դրսեւորումների եւ փոփոխությունների: Տարբեր երկրների օրինակով կարելի է տեսնել, ինչպես քաղաքական պայքարը վերաճել է էթնիկական կոնֆլիկտի եւ, հակառակը, էթնիկական կոնֆլիկտները ապակայունացրել եւ կաթվածահար են արել երկրի քաղաքական-տնտեսական կյանքը: Այլ կերպ ասած` դա նման է պայթուցիկի կողքին գտնվելուն, որը կարող է ցանկացած պահի պատահաբար կամ նպատակային եւ միտումնավոր կերպով գործի դրվել ցանկացած ուղղությամբ: “Միեւնույն ժամանակ որքան էլ քաղաքական դաշտում ընդունված է օգտագործել “թշնամու կերպարի” զորությունը, այնուամենայնիվ երկրի ապակայունացման վտանգի գիտակցումը պետք է որ զերծ պահի դրա չարաշահումից”,- նշում է Մ. Թեւոսյանը: Թուրքագետ Արտակ Շաքարյանը նույնպես համակարծիք է, որ թշնամու կերպարով առաջնորդվելը միջազգային հարաբերություններում բացասական արդյունքի է բերում, սակայն թուրքագետի համոզմամբ թշնամու կերպարով առաջնորդվելը` որպես ներքաղաքական գործոն, Թուրքիայում դեռեւս անփոխարինելի է ու շատ կարեւոր: Ըստ թուրքագետի` վերջին ժամանակներս քրդերն են զբաղեցրել ներքին թշնամու կերպարի դերը: Սակայն 2002թ. իսլամիստների իշխանության գալուց հետո Թուրքիայում ազգայնականությունը փոքր ինչ անկում ապրեց, ու քրդերին եկան փոխարինելու Իսրայելն ու մասոնական այլ ուժերը: Ուստի այսօր Թուրքիայում առկա հակասիոնիստական հիստերիան պատահականություն չէ. մեկ տարի հետո սպասվում են խորհրդարանական ընտրություններ, իսկ այս տարի սեպտեմբերին սահմանադրության փոփոխման հանրաքվեն է: “Թուրքիայի իշխող կուսակցությանն անհրաժեշտ է ընդհանուր թշնամու կերպարի ներքո մոբիլիզացնել բոլոր ուժերն ու օգտագործել զանգվածն ըստ իր ցանկության”,- նշում է Շաքարյանը: Իր հերթին գերմանական ազդեցիկ “Seuddeutsche Zeitung” պարբերականը, անդրադառնալով թուրք-իսրայելական հակամարտությանն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրականացրած “հակահրեական քաղաքականությանը”, իր հրապարակումներից մեկում գրում է. “Էրդողանը պիտի զգոնությունը չկորցնի եւ շատ ուշադիր լինի, որպեսզի իր իսկ լարած թակարդի մեջ չընկնի: Ասել է թե` Էրդողանն իրավունք ունի ազգայնական կրքերն այնքան բորբոքել, որքան կարող է այդ ալիքն իր վերահսկողության տակ պահել, եւ չփորձի չափից ավելին”: Տիգրան Պետրոսյան 24.06.2010

http://www.armedia.am/?action=Analytical&what=show&id=1247165108&lang=arm

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: