Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Ա. Շաքարյան. «Միջազգային հանրությունը` որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցման մեղավոր, տեսնում է Թուրքիային»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010թ-ի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում սպասվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Հանրաքվեի էության եւ դրա հնարավոր հետեւանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ: -Պրն. Շաքարյան, ո՞րն է սպասվող հանրաքվեի էությունը, ի՞նչ կարեւոր փոփոխություններ են տեղ գտնելու Թուրքիայի հիմնական օրենքում: -1982թ.-ին Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում եւ դրա արդյունքում փոխվեց Սահմանադրությունը, որը շատ մեծ լիազորություններ էր տալիս զինվորականներին եւ դատավորներին: Արդյունքում` վերջին 20 տարում Թուրքիայում որեւէ լուրջ քաղաքական փոփոխություն չի կարողանում տեղի ունենալ, քանի որ կուսակցությունները շատ հեշտ է փակել: Իսկ այսօր Ռ. Էրդողանը փորձում է օգտվել այն եզակի առիթից, որ ստացվել է մի իրավիճակ, երբ ինքն ունի այնքան մեծ իշխանություն, որ կարողանում է ճնշել զինվորականներին: Դրա վառ օրինակ է վերջերս իրականացված «Մեծ մուրճ» գործողությունը, որի արդյունքում ձերբակալվեցին 102 բարձրաստիճան զինվորականներ: Այսպիսով, Էրդողանը կարողացավ ազդեցություն ունենալ զինվորական իշխանության վրա, իսկ այս փոփոխությունները նրան հնարավորություն կտան ազդելու նաեւ դատական իշխանության վրա: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ այս փոփոխություններն էական ազդեցություն կունենան Թուրքիայի հետագա քաղաքական կյանքի վրա: -Թուրքիայում ո՞ր ուժերն են դեմ, եւ ո՞ր ուժերն են կողմ այս փոփոխություններին: -Քանի որ այս փոփոխություններն անդրադառնում են ինչպես զինվորականների, այնպես էլ դատավորների վրա, ապա նրանք, իհարկե, դեմ են դրանց: Դեմ են նաեւ քեմալիստական ուղղվածության կուսակցությունները: Իսկ իսլամիստներն` Էրդողանի գլխավորությամբ, առաջ են տանում այս գործընթացը: -Ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ այս փոփոխությունները Թուրքիայի` Եվրոպական Միությանն (ԵՄ) անդամակցելու տեսանկյունից: — Ներկայիս Սահմանադրությամբ Թուրքիային դժվար թե ընդունեն ԵՄ, ուստի իրավական տեսանկյունից սա էական ազդեցություն կարող է ունենալ, սակայն մենք գիտենք, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կապված է առաջին հերթին Կիպրոսի խնդրի, տնտեսական եւ այլ խնդիրների հետ: Իսկ ներքաղաքական կյանքում Էրդողանի կուսակցությունը` «Արդարություն եւ զարգացում»-ը, կդառնա էլ ավելի հզոր, քանի որ նրանց վրա ազդելու հիմնական միջոցն այսօր նրանց փակելու սպառնալիքն է, եւ եթե այլեւս չկարողանան դա անել, ապա «Արդարություն եւ զարգացում»-ը կդառնա էլ ավելի զորեղ քաղաքական ուժ: -Կարո՞ղ են, արդյոք, այս փոփոխությունները լուրջ ազդեցություն ունենալ Թուրքիայի կովկասյան քաղաքականության վրա: -Եթե նկատել եք, Թուրքիան վերջին շրջանում վարում է ուժեղ արտաքին քաղաքական գիծ, եւ դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ գործում է միակուսակցական կառավարություն, այսինքն` կուսակցության մեջ ինչ որոշում ընդունվում է, դա էլ իրականացվում է պետական մակարդակով: Այդ առումով վատ է, որ Թուրքիան ներքաղաքական կյանքում կայուն է, քանի որ նման պարագայում նրա արտաքին քաղաքական գիծն ավելի ակտիվ կլինի: Սակայն Հայաստանի համար դա լուրջ ազդեցություն չի ունենա, քանի որ Էրդողանին Թուրքիայում այլընտրանք են քեմալիստները եւ ազգայնականները, որոնք միանշանակ հակահայկական քաղաքականություն են վարում, այսինքն` Էրդողանի կուսակցությունը մեզ համար լավագույն այլընտրանքն է եղածներից: Ուստի, եթե սահմանադրական փոփոխություններն անցնեն, մենք կունենանք այսօրվա ստատուս քվոն, երբ Թուրքիան դժվարությամբ է գնում խաղաղության Հայաստանի հետ, սակայն չունի այն աստիճան հակահայկական քաղաքական գիծ, որը կլիներ ասենք` քեմալիստների կամ ազգայնականների իշխանության գալու պարագայում: -Իսկ ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: — Սա, ըստ էության, վստահության հանրաքվե է Էրդողանի համար, ուստի նրա դիրքերը կարող են ամրապնդվել, սակայն դրանից հետո Թուրքիայում սկսվելու է նախընտրական գործընթաց` կապված 2011թ.-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ, իսկ այդ գործընթացի մեջ խոսել հայ-թուրքական բարեկամության մասին դա քաղաքական ինքնասպանություն է: Այդ պատճառով էլ կարիք չկա ակնկալել ակտիվացում գոնե այս փուլում: Սակայն, եթե ընտրություններում Էրդողանի ղեկավարած կուսակցությունը հաղթի, ապա ես կարծում եմ, որ Թուրքիան կսկսի ավելի ակտիվ զբաղվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, քանի որ մոտենում է Մեծ Եղեռնի հարյուրամյակը` 2015թ.-ը, որը նրանց համար հոգեբանական տարեթիվ է, եւ թուրքերը անպայման կփորձեն որեւէ արդյունքի հասնել այս գործընթացում: — Հնարավո՞ր է գործընթացի վերակտիվացում հայկական կողմից: — Չեմ կարծում, քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, իսկ միջազգային հանրությունը` որպես գործընթացի կասեցման մեղավոր, տեսնում է Թուրքիային: Դժվար թե պաշտոնական Երեւանն օգնության ձեռք մեկնի ճահճում հայտնված Թուրքիային: Հիմա Անկարայի հերթն է քայլ կատարելու: Հարցազրույցը` Արմեն Ղազարյանի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: