Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքիայի կառավարության դեմ ամերիկահայերի հայցը փաստարկված է Օսմանյան փաստաթղթերով. թուրքագետ

«Թուրքիայի կառավարության դեմ ամերիկահայերի դատական հայցը հիմնավորված է Օսմանյան փաստաթղթերով։ Այսինքն, 1915 թ. մայիսի 27–ին բռնագաղթի մասին պաշտոնական հրամանը եղավ, և դրանից մի քանի շաբաթ անց՝ հունիսի 10–ին, կրկին Օսմանյան պետությունում հրաման արձակվեց բռնագաղթած հայերի հողերի և ունեցվածքի՝ պետական վերահսկողության տակ անցնելու մասին»,– այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանն՝ անդրադառնալով ամերիկահայերի կողմից թուրքական կառավարությանը դեմ ներկայացված դատական հայցին, որով Հայոց ցեղասպանության ժառանգները Թուրքիայից պահանջում են իրենց կորցրած անշարժ և շարժական գույքի և բանկային հաշիվներում ունեցած գումարի փոխհատուցում։
«Այս ամենը հստակ գրված է, այսինքն, եթե մենք մուտք ունենանք Օսմանյան արխիվներ, մենք կկարողանանք նաև իրավարար, հենց օսմանցիների փաստաթղթերով ապացուցել, որ այո, բռնագանձվել են հայկական հողերն ու փողերը և օգտագործվել են հենց նույն պետական բանկերի կողմից»,- ասաց Շաքարյանը։

Теrt.am-ի հարցին, թե ի՞նչ հիմքեր պետք է վկայաբերեն փաստաբանները, որպեսզի հաղթեն դատական հայցը, Արտակ Շաքարյանը պատասխանեց. «Առաջինը պետք է շեշտել օրենքի այն բացառությունը, որ չնայած ԱՄՆ–ն չի կարող Թուրքիային պատասխանատվության ենթարկել, սակայն Օսմանյան կայսրությունը միջազգային նորմերը խախտելով է բռնագանձել հայերի ունեցվածքը»։ Որպես մեկ այլ հիմք՝ թուրքագետը մատնանշեց Լոզանի պայմանագրի 30, 31, 32 կետերը, որոնցով Թուրքիան պարտավորվում էր 1920 թ–ից երկու տարվա ընթացքում վերադարձած հայերին տալ իրենց գույքն ու ունեցվածքը։ Ըստ մասնագետի՝ Թուրքիան այսօր պատճառաբանում է, որ հայերն են մեղավոր, թող այդ ժամանակ գային ու ստանային իրենց ունեցվածքը, մինչդեռ հայերը պետք է դատարանին ապացուցեն, որ այդ տարիներին իրենք չէին կարող վերադառնալ իրենց բնակավայրեր, քանի որ իրենց կյանքի նկատմամբ դեռևս սպառնալիք կար։

«Այսօր Արևմտյան Հայաստանի տարածքում բնակվող քրդերի ու թուրքերի մեծ մասը բնակվում է հողատարածքներում, որոնք իրենց չեն պատկանում փաստաթղթով։ Այսինքն, փաստաթղթերը մինչև հիմա հայերի անունով են»,– հայտարարեց Արտակ Շաքարյանը՝ ընդգծելով այս դատական հայցի կարևորությունը և ավելացրեց, որ եթե այս հայցը հաղթանակ բերի, այն նախադեպ կդառնա շատ գործընթացների համար։ Ի դեպ, վերջինս չկիսեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կարծիքը, թե նման հայցերը կարող են չտեղավորվել հայկական ծրագրերի մեջ։ Շաքարյանը համոզված է, որ նման հայցերն ի վերջո արդյունք տալու են։

Մասնագետի տեղեկացմամբ, Օսմանյան կայսրությունում հայերի ունեցվածքի կորուստները 1925 թ. հաշվել են ամերիկացի մասնագետները. դրանք կազմում են 14,5 մլրդ ֆրանկ, ինչը համարժեք է 100 մլրդ դոլարին։

Թուրքագետն անդրադարձավ նաև Թուրքիայում այս հայցի արձագանքներին՝ նշելով, որ նրանք վախեցած են և առայժմ հանգստացնում են հասարակությանը՝ ասելով, թե հիշյալ դատական հայցը չի կարող իրավական հիմք ունենալ։
«Թուրքերը պատրաստ չէին սրան։ Նրանք չէին պատկերացնում, որ հայերը հատուցումը կարող էին այս ձևով պահանջել»,– ասաց Շաքարյանը՝ հավելելով, որ առայժմ Թուրքիայում հայցի հետ կապված արձագանքները պաշտպանվողական են։
 

Tert.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: