Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Հայերը պիտի պահանջեն վերադարձնե՞լ Թուրքիայի նախագահական պալատն Անկարայում

Պատկերացրեք, թե ինչպիսի ցասման մեջ են ընկնելու թուրքական իշխանությունները, երբ հայերը պահանջեն վերադարձնել Թուրքիայի նախագահական պալատն Անկարայում, որը գտնվում է Ղասաբյանների ընտանիքից բռնագրավված հողերի վրա:

Տասնամյակներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղված պայքարից և արևմտյան բանկերի ու ապահովագրական ընկերությունների դեմ դատական գործեր հարուցելուց հետո, ամերիկահայերն անցյալ շաբաթ իրենց առաջին դատական հայցը ներկայացրին ընդդեմ Թուրքիայի Հանրապետության` միլիարդավոր դոլարների փոխհատուցում պահանջելով 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքով բռնագրավված սեփականության, գույքի և կրած վնասների դիմաց: Հայցն ուղղված է նաև Թուրքիայի Կենտրոնական բանկի և Ziraat բանկի դեմ՝ որպես թուրքական կառավարության ֆինանսական լծակների: Այս բանկերը, ինչպես նաև կառավարության սեփականություն հանդիսացող Թուրքական ավիաուղիների (Turkish Airlines) և զբոսաշրջության գրասենյակը մասնաճյուղեր ունեն Միացյալ Նահանգներում, որը սույն հայցով նրանց ամերիկյան արդարադատության սուբյեկտ է դարձնում: Այս դատական գործում հաջողություն ունենալու դեպքում, հայցվորների փաստաբանները կարող են Միացյալ Նահանգներում գտնվող թուրքական կառավարության ակտիվների վրա կալանք դնելու պահանջ ներկայացնել: Փաստաբաններ Պերճ Բոյաջյանը, Մարկ Կիրակոսը, Արա Ջաբակչուրյանը և Բրայան Կաբատեկը, միլիարդավոր դոլարների խմբային հայցով ԱՄՆ Դաշնային դատարան են դիմել Կարպիս Դավոյանի (Լոս Անջելես), Հրայր Թուրաբյանի (Նյու Յորք) և բազմաթիվ հայերի անունից, որոնց նախնիները սեփականություն են ունեցել Թուրքիայում: Դավոյանի և Թուրաբյանի պապերը սեփական հողատարածքներ են ունեցել Այնթափի և Ադանայի մոտակայքում: Հայցով մեղադրանք է ներկայացվում Թուրքիայի Հանրապետությանն ու նրա նախորդին` Ցեղասպանության ժամանակ արտաքսված ու բնաջնջված հարյուր հազարավոր հայերին պատկանող անշարժ և շարժական գույքը` ձեռնարկություններ, շենքեր, հողատարածքներ, բանկային ավանդներ և թուրքական թանգարաններում պահվող կրոնական թանկարժեք արվեստի գործեր բռնագրավելու, վաճառելու և դրանցից եկամուտ ստանալու համար: Մասնավորապես, այս հայցով պահանջվում է վերադարձնել այն գումարները, որոնք ապօրինի յուրացվել և ի պահ են տրվել թուրքական Գանձարանին, պետական կառավարման մարմիններին և Թուրքիայի պետությանն առընթեր այլ կազմակերպություններին: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և դրանից հետո, Թուրքիան մի շարք օրենքներ ընդունեց` հայերի կողմից իբրև թե «լքված» գույքի կառավարումը կանոնակարգելու համար: Թուրքական կառավարությունը վարձավճարներ և եկամուտներ է ստացել այդ գույքից և իսկական տերերի անունով այն ի պահ հանձնել իր Գանձարան` հետագայում հայերին վերադարձնելու համար: Սակայն դրա փոխարեն, կառավարությունը յուրացրել և եկամուտ է ստացել այդ գույքից: Հայցվորները Թուրքիայի Հանրապետությանը մեղադրում են «բռնի տեղահանության, բռնագրավման ու բնաջնջման, ռազմական հանցագործության, մարդկության դեմ հանցագործության, խաղաղության դեմ հանցագործության, խոշտանգումների, բռնության, սովի, ֆիզիկական և մտավոր բռնության, առանց դատավարության մահապատժի և ցեղասպանության կանխամտածված ծրագրին աջակցելու» օժանդակության և մասնակցության համար: Անցյալ շաբաթ, այս դատական հայցի մասին ցնցող լուրը հայտնվեց թուրքական թերթերի առաջին էջերում՝ մեծ հուզումներ առաջացնելով երկրում: Անկախ դատական գործի արդյունքներից, թուրքական իշխանությունները քաջ գիտակցում են, որ այս դատը պիտի նպաստի ցեղասպանությունից բխող հայկական պահանջների աշխարհով մեկ բացահայտմանը: Հաշվի առնելով բոլոր հայկական հարցերի նկատմամբ թուրքական ավանդական հակազդեցությունը, չի բացառվում, որ Թուրքիայի ղեկավարները` զայրույթով բռնված հետ կանչեն իրենց ստորագրությունն արդեն իսկ սառեցված հայ-թուրքական արձանագրություններից: Միաժամանակ, Անկարան կարող է հրաժարվել հայկական սփյուռքի որոշ տարրերի սիրաշահելու անհաջող փորձերից: Պատկերացրեք, թե ինչպիսի ցասման մեջ են ընկնելու թուրքական իշխանությունները, երբ հայերը պահանջեն վերադարձնել Թուրքիայի նախագահական պալատն Անկարայում, որը գտնվում է Ղասաբյանների ընտանիքից բռնագրավված հողերի վրա: Ավելին, «Ինջիրլիկ» ավիաբազան, Ադանայի մոտ գտնվող թուրք-ամերիկյան համատեղ ռազմական օբյեկտը կառուցվել է նախկին հայկական գյուղի տարածքում: Հայերը կարող են դատի տալ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Միացյալ Նահանգների կառավարություններին` հայ գյուղացիներից բռնագրավված գույքի շահագործումից օգուտ ստանալու համար: Անցյալ շաբաթվա դատական հայցը վաղուց սպասված քայլ էր՝ Թուրքիայից հայոց պահանջատիրությանը հետամուտ լինելու և Հայոց ցեղասպանության զոհերի համար արդարության հասնելու ճանապարհին: Այժմ հայերը պետք է իրենց բոլոր ջանքերը կենտրոնացնեն Ցեղասպանության ընթացքում կրած վնասների արդար փոխհատուցման կամ վերադարձնելու վրա: Նման հայցերով պետք է դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Թուրքիան որպես Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավոր է հաշվի առնել այդ դատարանի դատավճիռը: Շատ ցանկալի կլիներ, որ Հայ փաստաբանների միությունը կամ համանման մի կառույց համակարգեր այսպիսի դատական հայցերը և անհրաժեշտ խորհրդատվություն ու միջոցներ տրամադրեր հետագա հայցերի ներկայացման համար: Շատ կարևոր է նման գործողությունների համակարգումը Հայաստանի կառավարության հետ` անկախ այն հանգամանքից, նա պաշտոնապես կմիանա այս հայցին, թե ոչ: Սփյուռքի միասնական կառույցը, որն առաջարկել էի իմ նախորդ հոդվածներից մեկում, լիովին կարող էր որպես համակարգող մարմին ծառայել համահայկական հարցերին վերաբերող դատական հայցերի համար: Այսպիսի հայցերը պետք է ներկայացնել առանձնահատուկ հոգածությամբ, նախապատրաստությամբ և արհեստավարժությամբ, քանզի դրանք մեծ հետևանքներ կունենան ամբողջ հայ ժողովրդի համար: Եթե այս դատական հայցերից որևէ մեկը, ընթացակարգային խնդիրների պատճառով հաջողության չհասնի, թուրքական կառավարությունն արագորեն կհայտարարի հաղթանակի մասին` խեղաթյուրելով դատարանի որոշումը: Ավելորդ է նշել, որ օտարերկրյա կառավարություններին առնչվող նման քաղաքական նուրբ դատական գործեր վարելիս, պետք է ակնկալել, որ դատավորները կհայտնվեն թե Անկարայի, և թե Վաշինգտոնի հզոր ճնշման տակ: Գրեթե մեկ դար Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող հայ ժողովուրդը հիմա ոչ մի ջանք չպետք է խնայի իր վիթխարի կորուստները փոխհատուցելու և պատմական իրավունքները վերականգնելու համար, օգտագործելով իրավական բոլոր միջոցները՝ Միացյալ Նահանգների դաշնային դատարաններում, տարբեր երկրների, այդ թվում` Թուրքիայի դատարաններում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Միջազգային դատարանում: Արդարության ուշացումը, արդարության վիժումն է:   Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմ.՝ Ռ.Ավագյանի Աղբյուր` Panorama.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: