Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ փուլ հաստատ կլինի

Սեպտեմբերի 19-ին Վանի Սբ Խաչ եկեղեցում մատուցվեց պատարագ, որին հաջորդեց Անիի մայր տաճարում թուրք ազգայնականների նամազը և նամազին զուգահեռ` Սբ Խաչ եկեղեցու խաչադրումը։ Այս ամենի մեջ, ըստ թուրքագետ Արտակ Շաքարյանի, կա քաղաքական ենթատեքստ։ «Կապիտալի» հետ զրույցում նա ասում է, որ դրանք պայմանավորված են Թուրքիայի ներքաղաքական զարգացումներով:

-Պրն Շաքարյան, ինչո՞ւ թուրքերը Վանի Սբ Խաչ եկեղեցում պատարագ կազմակերպեցին:

-Ընդհանուր պատկերը հասկանալու համար պետք է նշեմ, որ հոկտեմբերին ԵՄ-ն հանդես է գալու զեկույցով, որը վերաբերելու է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը։ Զեկույցում նշվելու են մի շարք բացասական կետեր, մասնավորապես՝ Կիպրոսի հարցի չլուծված լինելը, քրդական հարցի սրվելը և այլ հարցեր։ Այս ամենին Թուրքիան պատրաստվում է պատասխանել մշակութային միջոցառումներով՝ գոհացնելով Եվրոպային և ցույց տալով, որ ամեն բան այդքան էլ սև չէ, որ կան նաև լուսավոր կետեր։ Այս ամենի մեջ է տեղավորվում Աղթամարի եկեղեցու բացման և պատարագ մատուցելու արարողությունը։ Այն հիմնականում կապ չուներ հայ-թուրքական հարաբերությունների հետ, այսինքն՝ սխալ է կենտրոնանալ Աղթամարի վրա և ասել, տեսեք, հայ-թուրքական հարաբերությունների արդյունքում վերանորոգվեց և բացվեց Աղթամարի եկեղեցին։ Ասում եմ՝ սխալ է, քանի որ դրանից մի քանի շաբաթ առաջ Տրապիզոնում բացվեց հունական Սումելա վանքը, մեկ ամիս հետո Մարդինում բացվելու է ասորական եկեղեցի, նախատեսվում է մյուս տարվա սկզբին բացել եզդիական մի սրբավայր, և այս բոլոր սրբավայրերում, ինչպես Աղթամարի եկեղեցում, թույլ է տրվում աղոթել տարին մեկ անգամ։ Այս ամենն իրականում ներքին քաղաքականության հետևանք է։ Խնդիրն այն է, որ Թուրքիայում շատ կարևոր է ներքին քաղաքականությունը, և թուրքերի մեծ մասն ինչ անում է, անում է ներքին հարցեր կարգավորելու համար, այս պարագայում՝ ընտրություններում ավելի մեծ թվով ձայն հավաքելու։ Ինչպես գիտեք, Էրդողանը և նրա ղեկավարած իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հիմնականում պայքարում է թուրք ազգայնականների դեմ։ Ակնհայտ է, որ Թուրքիայում որքան մեծանա ազգայնականների թիվը, այնքան իսլամիստները կկորցնեն իրենց ձայները, և, ընդհակառակը, որքան շատանան իսլամիստները, այնքան մեծ կլինի Էրդողանի հաղթելու հավանականությունը։ Ուստի այն, ինչ կատարվում է Թուրքիայում, հիմնականում կարելի է տեղավորել վերը նշվածի տրամաբանության մեջ։ Աղթամարը, ասորական, հրեական, եզդիական սրբավայրերը բացվում են բացառապես արտաքին աշխարհին հանդուրժող Օսմանյան Թուրքիայի դեմքը ցույց տալու համար՝ ապացուցելով, որ բարբարոս ազգայնական թուրքերը և օսմանյան թուրքերը տարբեր մշակութային կրողներ են։

-Իսկ ի՞նչ նպատակ էր հետապնդում Դևլեթ Բահչելին՝ Անիի մայր տաճարում նամազ կազմակերպելով։

-Շատ են խոսում այն մասին, որ ուրբաթօրյա նամազն Անիի մայր տաճարում կազմակերպել էր Էրդողանը Բահչելիի միջոցով։ Այդ խոսակցությունները հիմնավոր չեն, քանի որ Էրդողանն ու Բահչելին քաղաքական հակառակորդներ են, նույնիսկ թշնամիներ, քանի որ ներկայացնում են ներքաղաքական կյանքի ամենածայրահեղ կողմերը։ Անիում տեղի ունեցածը հետևյալն էր. Բահչելին ազգայնական հովերով տարված մի խումբ մարդկանց բերեց Անի, և նրանք պղծեցին հայկական տաճարը՝ այն համարելով իրենց փոքրիկ հաղթանակը։ Սա, իմ դիտարկմամբ, 2011թ. ընտրություններին ուղղված ազգայնական միջոցառում է, որի նպատակն էր ցույց տալ, թե որքան վատն է Էրդողանը, որը թույլ տվեց՝ Վանի հայկական եկեղեցում պատարագ մատուցվի, և որքան լավն են իրենք, քանի որ ևս մեկ անգամ պղծեցին հայկական տաճարը։ Եթե մեկ բառով բնորոշենք, կարող ենք ասել` էժանագին ազգայնական հնարք էր։ Վերադառնալով իսլամիստների կուսակցությանը՝ նշեմ, որ նրանք նպատակ ունեն նոր Օսմանյան կայսրություն ստեղծել։ Նեոօսմանիզմի մասին շատ են խոսում, սակայն այն չի վերաբերում միայն տարածքային խնդիրներին, նեոօսմանիզմն ունի նաև գաղափարախոսություն, որը տարածվում է նաև կրոնաազգային գաղափարախոսության վրա, և այդ գաղափարախոսությունն ասում է, որ չկա թուրք, չկա քուրդ, չկա հայ, այլ կա օսմանական պետություն և նրա հպատակներ։ Այս գաղափարախոսությունը, ի տարբերություն ազգայնական թուրքերի, ավելի մեղմ է, ավելի բարի, ավելի հանդուրժող և ավելի ուժեղ՝ իմիջի տեսանկյունից։ Էրդողանը և իր գաղափարակիցները փորձում են փոխել Թուրքիան՝ դարձնելով այն չափավոր իսլամական։ Սակայն այս ամենին զուգահեռ` պետք է հիշել, որ Թուրքիան իր պետությունը ստեղծել է հայկական ժառանգության և հայկական հողերի վրա, և բոլորը դա հիշում են։ Արևմտյան Հայաստանի տարածքներից շատերը շարունակում են կրել հայկական անվանումներ, իսկ բնակիչները գիտեն, որ այդ հողերը հայերինն են, և հասկանում են, որ եթե հայերի հետ հարաբերություններում որևէ առաջընթաց լինի, այն կհարվածի ուղիղ իրենց գրպաններին։ Մենք գիտենք, որ թուրք օլիգարխների հարստությունների մեծ մասը կուտակվել է հայկական կապիտալից։ Ասածս այն է, որ Թուրքիայի մեջ կա հայի վախ։ Մենք այստեղ դա չենք գիտակցում՝ մտածելով, որ Հայաստանը փոքր է, իսկ Թուրքիան մեծ է և դժվար հայերից վախենա։ Սա ճիշտ է, սակայն Թուրքիայում հայերի նկատմամբ ենթագիտակցական վախ կա, նրանք մտածում են, որ եթե մի քիչ թուլանան, ապա մենք կգնանք ու հետ կվերցնենք այն, ինչ նրանք հիմա ունեն։ Ուստի ազգայնականները, որ նամազ են անում Անիում, համարում են հաղթանակ հայերի նկատմամբ։

-Ձեր նշած այդ «ներքին ենթագիտակցական վախի» առկայության պարագայում, եթե գալիք ընտրություններում հաղթեն իսլամականները, ի՞նչ փոփոխություն տեղի կունենա հայ-թուրքական հարաբերություններում։

-Մի բան հաստատ է, որ ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ փուլ հաստատ կլինի։ Հաստատ է, որ դարձյալ կսկսեն բանակցել Կարսի պայմանագրի ճանաչման, սահմանների բացման շուրջ, դարձյալ կխոսեն ղարաբաղյան հակամարտության մասին՝ հասկացնելով, որ առանձնապես չեն կարևորում Ղարաբաղի հարցը, որ իրենց համար կարևորը Կարսի պայմանագրի ճանաչումն է։ Եթե հիշում եք, 1945թ. ԽՍՀՄ-ը բարձրացրեց Կարսը և Արդահանը հետ վերադարձնելու հարցը, և նրանք շարունակում են մտածել, որ մի օր Ռուսաստանը կխոսի այդ մասին, քանի որ դրանք իրականում Օսմանյան կայսրության ենթակայության տակ չէին, այլ Արևելյան Հայաստանի մաս էին։ Սակայն եթե ազգայնականները որևէ տոկոսով մտնեն կոալիցիոն կառավարության մեջ, հավանական է, որ հայ-թուրքական հարաբերություններն իջնեն ավելի ցածր մակարդակի։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ դեր կարող է ունենալ թուրքական ձախական շարժումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետագա գործընթացի վրա։

-60-70-ականներից սկսած՝ ձախական շարժումը բավական ուժեղ է։ Ձախերի մի մասը այս պահին Թուրքիայում է և այս պահին պայքարում է։ Ձախերն ուժեղ են, նրանք կարողանում են 30 հազար ներողության ստորագրություն հավաքել, ապրիլի 24-ին հրապարակ դուրս գալ և ցույց անել, սակայն ձախական շարժումը չի կարող իրական ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա, քանի որ այդքան մեծ ուժ չունի։

-Վերադառնանք Աղթամար եկեղեցու գմբեթին խաչի տեղադրման արարողությանն ու դրա քաղաքական ենթատեքստին։ Ինչո՞ւ խաչը չտեղադրվեց պատարագի օրը, այլ պատարագից մի քանի օր հետո։ Արդյոք դա Անիի մայր տաճարում տեղի ունեցած նամազի պատասխանը չէ՞ր։

-Խաչի տեղադրումը նամազին պատասխան չէի դիտարկի, քանի որ Էրդողանը Բահչելիի դեմքը փրկելու խնդիր չուներ, քանի որ, ինչպես ասացի, նա նրա քաղաքական ընդդիմադիրն է։ Դա շատ լավ առիթ էր, որ Էրդողանն ասեր՝ տեսեք, եթե նա հաղթի ընտրություններում, ապա Թուրքիայի զարգացումը գնալու է վատ ուղղությամբ։ Սա մեկ, երկրորդ՝ Բահչելիի նամազը միջազգային մամուլում առանձնապես չլուսաբանվեց և բնականաբար որևէ կերպ չազդեց Թուրքիայի միջազգային իմիջի վրա, մանավանդ որ դա ոչ թե Անկարայի, այլ ընդդիմադիր ինչ-որ մի կուսակցության քաղաքական միջոցառում էր, և Էրդողանն ընդդիմադիր կուսակցության վարկը փրկելու խնդիր չուներ։ Երկու շաբաթ առաջ ես Ստամբուլում էի և զրուցում էի պոլսահայ համայնքի հետ, թե ինչու խաչ չդրվեց։ Նրանք ինձ ասացին, որ Էրդողանն ուզում էր տեղադրել, սակայն հասկացավ, որ եթե խաչը տեղադրի հենց պատարագի օրը, ապա Հայաստանից շատ այցելուներ կգնան, որոնք շատ ավելի ընդվզող են, և շատ հնարավոր է, որ այդ օրն առանց միջադեպերի չանցներ, և բողոքի ակցիաներ լինեին։ Այդ պատճառով խաչ դնելը հետաձգվեց, որպեսզի Աղթամարի շոուն անցնի առանց միջադեպերի, որ CNN-ը և BBC-ն նկարեն, ցույց տան։ Կարծիքներ կային, որ խաչն այսքան շուտ չի տեղադրվի, այլ կտեղադրվի ապրիլի 24-ի նախօրյակին՝ որպես զիջում։ Սակայն այն, որ խաչը տեղադրվեց այս օրերին և ոչ թե ապրիլին, ցույց է տալիս, որ Թուրքիան ապրիլի 24-ի համար ուրիշ բան ունի պահած։ Ես գիտեմ, որ Թուրքիան պատրաստվում է օծել Դիաբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցին, և չի բացառվում, որ այդ մասին հայտարարվի ապրիլի 24-ի նախօրյակին։

-Ի՞նչ պետք է անի Հայաստանը, որպեսզի Արևմտյան Հայաստանի հուշակոթողները, եկեղեցիները չավերվեն և չպղծվեն։

-Հայաստանը պետք է լինի ավելի ակտիվ։ «Ակօս» շաբաթաթերթը Աղթամարի պատարագի մատուցման օրը լույս էր տեսել քարտեզով, որտեղ պատկերված էին Վանի բոլոր 90 վանքերը՝ ցույց տալով, որ Վանում կա ոչ միայն Աղթամար եկեղեցի, այլև 90 վանքեր, որոնք ավերվում, ոչնչացվում ու պղծվում են։ Մենք պետք է աշխատենք թուրք հասարակության հետ, լուսաբանենք նրանց, այսօր մենք պետք է օգտագործենք մեր ձեռքի տակ եղած ինտերնետը և հնարավոր բոլոր կապերը։ Մենք այսօր ոչ թե պետք է ասենք, որ մենք նեղացել ենք, ու փակվենք, սպասենք, թե նրանք ինչ են անելու, այլ փորձենք թուրքերենով, անգլերենով գրքեր հրատարակել, հանդիպումներ, գիտաժողովներ կազմակերպել։ Թուրքիայում շատ են հրավիրվում ճարտարապետական գիտաժողովներ, պետք է մասնակցել այդ գիտաժողովներին և խոսել Կեսարիայի հայկական ճարտարապետության մասին։ Այս կերպ, կարծում եմ, ավելի ընդունելի կդարձնենք հայի ներկայությունը Թուրքիայում։

Արփի Մախսուդյան

2 comments on “Ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ փուլ հաստատ կլինի

  1. DK
    Հոկտեմբերի 6, 2010

    Bravo, Արտակ ջան, շատ լավ հարցազրույց էր, շնորհակալություն!!!

  2. turkaget
    Հոկտեմբերի 6, 2010

    Շնորհակալություն: Քո դրական գնահատականը ինձ մեծապես ոգևորում է !!!

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: