Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

«Երբ Էրդողանը զգաց, որ իրեն բացառել են գործընթացից, փորձեց տապալել այն»

«Եթե դուք նավթ ունենայիք, կարող եմ հավատացնել, որ դա հարաբերությունները կարգավորելու շատ լավ պատճառ կլիներ»

Ստամբուլի մշակույթի համալսարանի GPOT կենտրոնի (Global Political Trends Center-Գլոբալ քաղաքական միտումների կենտրոն) տնօրեն Մենսուր Ակգյունն ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը ժամանակ առ ժամանակ հայտնվում է թուրքական քաղաքական օրակարգում, սակայն դա Թուրքիայի կողմից չի դիտարկվում որպես առաջնային հարց: Փոխարենը, նրա համոզմամբ, Հայաստանը երկու մեծ խնդիր ունի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ. «Հարաբերությունների կարգավորման հույս կա, դրա համար էլ դուք շատ եք քննարկում այդ խնդիրը: Դուք միշտ հիշում եք պատմությունը, ինչը բխում է ձեր քաղաքական շրջանակների հետաքրքրություններից, որովհետեւ հակառակ դեպքում դուք կսկսեք խոսել այլ բաների մասին, օրինակ՝ կոռուպցիայի»: Թուրքիան առանց այդ էլ բավականին շատ ներքին խնդիրներ ունի (քաղաքագետը նշում է երկրի ռազմականացված լինելը, ինչը, չնայած սկսել է փոփոխության ենթարկվել, բայց դեռ մնում է գլխավոր խնդիրներից մեկը: Էական է քրդերի հարցը, որտեղ նույնպես որոշակի առաջընթաց կա: Տեռորիզմը՝ կապված քրդական հարցի հետ): Այս պարագայում, ըստ Ակգյունի, բնական է, որ Հայաստանում Թուրքիայի մասին ավելի շատ են խոսում, քան Թուրքիայում՝ Հայաստանի:

Նմանատիպ կարծիք է հայտնում Թուրքիայի տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամի (TESEV-Turkish Economic and Social Studies Foundation) արտաքին քաղաքականության ծրագրի ղեկավար Սաբիհա Սենյուջել Գյունդողարը. «Իմ տպավորությամբ՝ Հայաստանում ուզում են միանգամից բարելավում, սահմանների բացում վաղը, Ցեղասպանության ճանաչում մեկ տարվա մեջ: Բայց Թուրքիայում գործընթացը աստիճանաբար է առաջ գնում: Հայկական խնդիրը առաջինը չի եղել Թուրքիայում եւ չի էլ լինի այդպիսին»:

«Թուրքիան զարգանում է՝ դառնալով ավելի ու ավելի ինքնավստահ»,- շեշտում է Մ. Ակգյունը: Ըստ նրա՝ իր երկիրը էական, շոշափելի օգուտ չի ստանա Հայաստանի հետ սահմանը բացելուց. «Այո, տուրիստները կգնան-կգան, բայց մեր երկրների միջեւ չկա առեւտրային շատ մեծ շրջանառություն: Դուք էլ, ցավոք, չունեք այնպիսի բնական պաշարներ, ինչպես Ադրբեջանը: Եվ մենք չենք կարող ներդրումներ անել Հայաստանում՝ նավթ, գազ ստանալու համար: Մենք միլիարդավոր դոլարների ներդրումներ ունենք Ադրբեջանում, իսկ Հայաստանում գուցե կարողանանք վաճառել մի քանի սառնարան ու Երեւանում մի երեք հատ «Բեկո» խանութ բացել, բայց ոչ ավելին: Ձեր բնակչությունը քիչ է, դուք տնտեսապես զարգացած երկիր չեք: Մենք Հայաստանում որեւէ տնտեսական հեռանկար չենք տեսնում: Ադրբեջանի հետ դուք անհամեմատելի եք: Բացի այդ՝ մենք ադրբեջանցիներին նաեւ եղբայրներ ենք համարում: Դա էլ այլ խնդիր է: Բայց եթե դուք նավթ ունենայիք, կարող եմ հավատացնել, որ դա հարաբերությունները կարգավորելու շատ լավ պատճառ կլիներ»:

 Մեկ այլ թուրք վերլուծաբան՝ Սաբիհա Սենյուջել Գյունդողարի օգնական Այբարս Գյորգյուլուն, «Հետքի» հարցին, թե Հայաստանը Թուրքիայի համար տնտեսապես հետաքրքի՞ր երկիր է, պատասխանում է. «Չէի ասի, թե Հայաստանն այդ առումով շատ հետաքրքիր երկիր է: Թուրքիայի արեւելյան հատվածը նվազ զարգացած է, նմանապես եւ Հայաստանը, այնպես որ սահմանների բացվելու դեպքում առեւտրի եւ բիզնեսի հեռանկարները սահմանափակ են: Բայց դա, անշուշտ, չի նշանակում, որ Հայաստանն անհետաքրքիր երկիր է: Կարծում եմ, որ արեւելյան Թուրքիան տնտեսապես ավելի կշահի սահմանների բացվելու դեպքում: Թուրքիան մեծ կախում ունի Վրաստանից՝ գազի, նավթի խողովակաշարերի տարանցման պատճառով: Այդ տեսանկյունից Հայաստանը մեկուսացած կղզյակ է: Սահմանների բացումը, սակայն, հնարավորություն կբացի տարանցումների համար, որովհետեւ Հայաստանին բացառելու նպատակով ամեն անգամ կողմերը կենտրոնանում են Վրաստանի վրա, բայց վերջինս կայուն երկիր չէ, ինչը տեսանք Ռուսաստանի հետ պատերազմից հետո:  Այնպես որ մենք պետք է այլընտրանքային ուղիներ գտնենք: Հայաստանն էլ մեծ օգուտ կստանա սահմանների բացումից»:

Իր հերթին Ս. Գյունդողարը կարծում է, որ տնտեսական գործոնը հայ-թուրքական հարբերություների բարելավման գլխավոր ազդակը չէ. «Թուրքիայի ղեկավարների աչքերում Հայաստանը փոքր բնակչությամբ, փոքր տնտեսությամբ երկիր է: Սահմանների բացվելու դեպքում սահմանամերձ շրջաններում ապրող մարդիկ ինչ-որ օգուտներ կունենան, բայց եթե դա համեմատենք Թուրքիայի ամբողջ տնտեսության հետ, ապա վերջինիս վրա սահմանների բացումը նվազագույն ազդեցություն կունենա: Էներգակիրների տարանցման առումով Հայաստանը կարող է այլընտրանք դառնալ Թուրքիայի համար, բայց, ցավոք, մենք շատ հեռու ենք դրանից. Թուրքիան ու Հայաստանը պետք է կայուն դիվանագիտական հարաբերություններ ունենան մոտ 50 տարի, եւ միայն դրանից հետո Թուրքիան կարող է վստահել Հայաստանին տարանցել իր խողովակաշարերը»:

Այդուհանդերձ, ըստ Գյունդողարի, թուրք բիզնեսմենները Հայաստանում կարող են ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում: Նա շեշտում է, որ այսօր էլ մեր շուկաներում շատ թուրքական ապրանքներ կան, տարածված են «Բեկո» խանութները: «Ներդրումներ կարող են արվել, ասենք, շինարարության ոլորտում,- նշում է Գյունդողարը,- թուրք բիզնեսմեններն այսօր ակտիվ են հատկապես Մերձավոր Արեւելքում, Իրանում, որտեղ հեռահաղորդակցության ոլորտում առաջարկում են նոր փոփոխություններ: Հայ գործարարներն էլ կարող են ներդրումներ կատարել Թուրքիայի արեւելքում, սակայն տնտեսության վրա ունեցած իրենց ազդեցությամբ Հայաստանի չափերի պատճառով դրանք չեն կարող համեմատվել Թուրքիայի եւ ԵՄ-ի, Մերձավոր Արեւելքի, Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունների հետ»: 

«Եթե արտգործնախարարների փոխարեն վարչապետները ստորագրեին արձանագրությունները, խնդիրներն ավելի քիչ կլինեին»

Խոսելով սահմանի բացման մասին՝ Ս. Գյունդողարը պարզաբանում է. «Որոշումներ կայացվում են՝ հաշվի առնելով օգուտներն ու վնասները: Եթե բավականաչափ օգուտ չկա, Թուրքիան միայն ուղղակի հարաբերությունները Հայաստանի հետ լավացնելու համար չի բացի սահմանները: Ցավոք սրտի»: Բայց միաժամանակ նա համոզված է, որ պաշտոնական Անկարան անկեղծ է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում: «Նրանք իսկապես ուզում են դա: Ես հավատում եմ դրան,- նշում է Գյունդողարը,- բայց նրանք ստիպված էին պրագմատիկ որոշում կայացնել: Բանն այն է, որ հիմա սահմանը բացելիս վնասները ավելի շատ կլինեին, քան օգուտները»:

«Թուրքիան սահմանը չի բացի, մինչեւ Ղարաբաղի խնդրում ստատուս-քվոյի որոշակի փոփոխություններ չլինեն,- ավելացնում է Այբարս Գյորգյուլուն:- Սահմանը բացելու հասարակական ներքին ճնշում չկա, հակառակը՝ իշխանությունները կարող են ձայներ կորցնել ներկայիս վիճակի հնարավոր փոփոխության դեպքում: Դա կվնասի նաեւ թուրք-ադրբեջանական հարաբերություններին: Ադրբեջանն ուժեղ լոբբի ունի Թուրքիայում»:

Ըստ Սաբիհայի՝ եթե ընտրություններից հետո հասարակության կողմից իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP, Թուրքիայում շատերը համոզված են, որ հենց վերջինս է հաղթելու ընտրություններում) կուսակցության վրա սահմանը բացելու ճնշում լինի, այն ժամանակ գուցե Անկարան անի դա: Միաժամանակ քաղաքագետը նշում է, որ հասարակության ճնշման տակ քայլեր անելը վերաբերում է ոչ միայն հայ-թուրքական խնդրին, այլեւ մյուս բոլոր հարցերին, որ այսօր ունի Թուրքիան:

«Հետքի» հարցին, թե ինչու արձանագրությունները ստորագրելուց հետո Թուրքիան նախապայմաններ առաջ քաշեց, Ա. Գյորգյուլուն ասում է, թե լավ կլիներ այդ մասին վարչապետ Էրդողանին հարցնել: Ապա հավելում է. «Ալիեւը ամեն քայլի մասին տեղեկացվում էր Անկարայի կողմից, սակայն որեւէ կարծիք չէր հայտնում հայ-թուրքական մերձեցման մասին, իսկ արձանագրությունների ստորագրությունից հետո ասաց, թե թուրքերը դավաճանել են իրենց: Ադրբեջանի խորհրդարանականներն էլ եկան Թուրքիա ու շոու սարքեցին»:

Հարցին այլ տեսանկյունից է նայում GPOT կենտրոնի տնօրեն Մենսուր Ակգյունը: Նախ նա կարծում է, որ հայ-թուրքական սահմանը մի օր բացվելու է, ու հիշեցնում է Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթ կարգախոսներից մեկը՝ 0 խնդիր հարեւանների հետ. «Ներկայումս աննորմալ իրավիճակ է: Բայց մենք աշխատում ենք խնդիրներ չունենալ հարեւանների հետ»: Ակգյունի հավաստմամբ՝ դժվար հարց է ծառացել Գյուլի եւ Սարգսյանի առաջ՝ հաշվի առնելով ներքին ու արտաքին ուժերի ազդեցությունը հայ-թուրքական գործընթացի վրա. «Ես գիտեմ Հայաստանի քաղաքական մթնոլորտը, նախկինում էլ Տեր-Պետրոսյանն էր փորձում նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Նույն վիճակում է նաեւ Թուրքիայի նախագահ Գյուլը»:

«Ֆուտբոլային դիվանագիտության» ձախողման մասին Մենսուր Ակգյունն ասում է. «Դա երկու նախագահների շոու արշավ էր: Մենք չունենք այնպիսի նախագահական համակարգ, ինչպես Հայաստանը: Վարչապետի ազդեցությունն այստեղ շատ մեծ է: Երբ Էրդողանը զգաց, որ իրեն բացառել են գործընթացից, փորձեց տապալել այն: Հարյուր տոկոսով համոզված չեմ, բայց կարծում եմ, որ եթե արտգործնախարարների փոխարեն վարչապետները ստորագրեին արձանագրությունները, խնդիրներն ավելի քիչ կլինեին: Նրանք բացառեցին վարչապետին ու մտածեցին, որ նա կողմ է գործընթացին, սակայն ներքին եւ արտաքին ճնշումների տակ Էրդողանը փոխեց միտքը»:

 Արտաքին ճնշում իրականացնողներից գլխավորը, եթե ոչ միակը, Ադրբեջանն էր: «Ի՞նչ պետք է անել այս պարագայում,- հարցնում է Ս. Գյունդողարն, ու ինքն էլ պատասխանում,- ավելի շատ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի նա Թուրքիային որպես պատանդ չպահի մյուսների հետ հարաբերություններ հաստատելիս: Դա կարող են անել ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ռուսաստանը, որոնք էներգետիկ շահեր ունեն Ադրբեջանում: Բայց նրանք ասում են՝ Թուրքիա, դու ես հարաբերություններ հաստատողը, դու էլ վճարիր, Թուրքիան էլ ասում է՝ շնորհակալություն, ես դա չեմ անի: Նրանք ազնիվ չեն: Եթե իսկապես ուզում են հայ-թուրքական հարաբերությունների լավացում, կարող են ճնշում գործադրել բոլորի վրա՝ Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի: Բայց նրանք չեն ուզում ռիսկի ենթարկել իրենց անձնական շահերը»:

Գերտերություններին քննադատում է նաեւ Մ. Ակգյունը, բայց մեկ ուրիշ տեսանկյունից: Ըստ նրա՝ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ԼՂ հակամարտության հարցում ճնշում չեն գործադրում Հայաստանի ու Ադրբեջանի վրա՝ առաջընթաց ապահովելու համար, որն իր հերթին փոփոխություններ կմտցնի նաեւ հայ-թուրքական գործընթացում: «Մենք միայն ռուսներին ենք մեղադրում, որ ԼՂ խնդրին չեն ցանկանում լուծում տալ: Բայց ամերիկացիները, որոնք աջակցում են այս ամբողջ գործընթացին, ոչ մի ճնշում չեն գործադրում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի վրա»,- ասում է Ակգյունն ու նշում, որ հայ-թուրքական գործընթացում պատկերն այլ է: «Ամերիկացիներն ու ֆրանսիացիները թաքնվում են մեր՝ թուրքերի թիկունքում ու չեն անում այն, ինչ պետք է անեն որպես դիվանագետներ»,- սրտնեղում է նա ու համոզմունք հայտնում, որ Թուրքիան կարող է ԼՂ հարցում ճնշում գործադրել հակամարտող կողմերի վրա:        

«Պիտի գիտակցեք, որ ցեղասպանությունները կարող են իրագործվել ոչ թե պետությունների, այլ անհատների կողմից

«Հետքի» հարցին, թե ո՞վ պետք է լուծի Ցեղասպանության խնդիրը՝ քաղաքական գործիչնե՞րը, թե՞ պատմաբանները, Մենսուր Ակգյունը պատասխանում է. «Խնդիրը կապված չէ պատմաբանների հետ: Թուրքական կողմը բազմաթիվ փաստաթղթեր ունի, որ դիտավորություն չի եղել (նկատի ունի 1915-ի իրադարձությունները- հեղ.), հայկական կողմն էլ հակառակի մասին շատ փաստաթղթեր ունի: Սակայն պատմաբանները առիթ են. եթե նրանք ընդհանուր հայտարարի գան, իրենց եզրահանգումները կներկայացնեն քաղաքական գործիչներին: Եվ այդ դեպքում, շատ  հավանական է, գործը կներկայացվի արբիտրաժի: Եթե Ցեղասպանությունը կատարվել է կոնկրետ անձանց կողմից, Թուրքիայի կոնկրետ վայրերում, թուրքերը ստիպված կլինեն ճանաչել այն: Բայց դրանում, անշուշտ, կլինեն քաղաքական, իրավական, պատմական էլեմենտներ: Սակայն դուք էլ պիտի գիտակցեք, որ ցեղասպանությունները կարող են իրագործվել ոչ թե պետությունների, այլ անհատների կողմից: Յուրաքանչյուր կողմն էլ սովորելու բան ունի պատմաբանների միավորման, քաղաքական համաձայնության զարգացման, լուծում գտնելու այս փորձից: Իմիջիայլոց, եթե մենք նույնիսկ դրան չգանք, սակայն կարողանանք կարգավորել հարաբերությունները, ոչ ոք չի խոսի Ցեղասպանության մասին: Շատ ավելի հավանական է, որ հայերն ու թուրքերը միասին կհիշեն ապրիլի 24-ը: Բազմաթիվ մարդիկ հիշում են ապրիլի 24-ը որպես ողբերգական օր՝ պարտադիր չէ որպես Ցեղասպանության օր: Անշուշտ, կլինեն որոշ հայեր եւ թուրքեր, որոնք գոհ չեն լինի, բայց դա օրակարգից դուրս կգա: Այնպես պետք է անենք, որ սա այլեւս քաղաքական քննարկման հարց չլինի, անհատականորեն, իհարկե, այն կարող է շարունակվել. ձեզանից շատերն են տուժել, համոզված եմ»:

«Եթե Ալիբեյօղլուն մնար AKP-ում ու մերձավոր անձ լիներ կուսակցության ղեկավարներին, չեմ կարծում, թե նման որոշում կկայացվեր»

Այբարս Գյորգյուլուի կարծիքով՝ Կարսի Մարդկության եւ խաղաղության հուշարձանն իր մեջ հայերին ուղղված ակնարկ էր պարունակում, ինչը դարձավ այն քանդելու ներքին պատճառներից մեկը. «Ասում են, թե դա խաղաղության հուշարձան է, բայց, իմ կարծիքով, դրա նպատակներից մեկն էլ հայերից ներողություն խնդրելն էր: Նրանք ցանկանում էին հուշարձանը մեծ անել, որպեսզի Հայաստանից մարդիկ տեսնեն, նաեւ պլանավորել էին գիշերը լույսեր միացնել այդ նպատակով: Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն նաեւ ստորագրություններ հավաքեց սահմանի վերաբացման համար: Նա ասում էր, որ սահմանի բացումը օգտակար կլինի Կարսի զարգացման համար»:

Ս. Գյունդողարը պարզաբանում է, որ իշխող AKP-ի նախկին անդամ Ալիբեյօղլուն երբեք էլ իսկական AKP-ական չի եղել: Կուսակցության հետ գժտվելուց հետո նա անցավ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) շարքերը: AKP-ական նոր քաղաքապետի օրոք էլ որոշվեց ապամոնտաժել արձանը. «Եթե Ալիբեյօղլուն մնար AKP-ում ու մերձավոր անձ լիներ կուսակցության ղեկավարներին, չեմ կարծում, թե նման որոշում կկայացվեր»: Գյունդողարն ու Գյորգյուլուն հավաստիացնում են, որ արձանի ճակատագիրը վճռվել էր դեռ մինչեւ Էրդողանի այցը Կարս: «Քանի որ Կարսը փոքր քաղաք է, պարզապես ֆինանսական հնարավորություններ չկային ապամոտաժման համար»,- ասում է Սաբիհան ու ենթադրում, որ Էրդողանի այցից ու հայտնի որակումից հետո պետբյուջեից գումար պետք է տրամադրված լինի քանդման աշխատանքների համար:

«Օրենքի տեսանկյունից հուշարձանի ապամոնտաժման հիմնավորումն այն է, որ արձանի հեղինակ Մեհմեթ Աքսոյն այդ վայրում նման արձան կառուցելու անհրաժեշտ համաձայնություն չէր ստացել,- պատմում է Սաբիհան,- բայց այստեղ հարց է ծագում, թե եթե անօրինական էր հենց սկզբից, ինչու՞ են հիմա քանդում: Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ նախկին քաղաքապետը Ալիբեյօղլուն էր՝ ինտելեկտուալ, լայնախոհ մի մարդ: Բայց քանի որ արձանը օրենքի տեսանկյունից անօրինական էր, Էրդողանն ասաց՝ դե ուրեմն պետք է քանդենք»: Վերլուծաբանները վերոնշյալ հանգամանքներին ավելացնում են նաեւ գալիք ընտրություններից առաջ AKP-ի քարոզչական մարտավարությունը:

Ստամբուլ

Վահե Սարուխանյան

http://hetq.am/arm/news/765/

28 ապրիլի, 2011

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: