Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ, ՈՐ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑՎԻ

ԱՐԱՄ ԷՔԻՆ ԴՈՒՐԱՆ («Ռադիքալ»)

Թուրքիայի ու Հայաստանի ցամաքային սահմանի փակ լինելը բացասաբար է ազդում ոչ միայն հայկական կողմի վրա, այլեւ Թուրքիայի արեւելյան շրջանի, որտեղ գտնվում են ամենաաղքատ քաղաքներն ու մեծավ մասամբ բնակեցված են քրդերով։ Հանրապետության հիմնադրումից ի վեր այս շրջանը ազգային եկամուտի իր հասանելիք բաժնեմասը չի կարողանում ստանալ, վերջին 30 տարին էլ առկա կոնֆլիկտային միջավայրի հետեւանքով Թուրքիայի արեւմուտքից չի կարողանում ներդրումներ ներգրավել, ուստի պայքարում է գործազրկության եւ աղքատության դեմ։
Մինչ Թուրքիայում գործազրկությունը հասնում է միջինը 10 տոկոս ծավալի, Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարեւան քաղաքներում գործազրկության մակարդակը հասնում է 18 տոկոսի։ Այն դեպքում, երբ Թուրքիայում մեկ շնչին ընկնող ազգային եկամուտը միջինը գերազանցում է 10 հազար ԱՄՆ դոլարը, նույն թիվը Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում ցածր է 4 հազար դոլարից։ Իսկ Թուրքիայի՝ Հայաստանի հետ սահմանամերձ քաղաքներում բնակվող գործարարները իրենց լիարժեք աջակցությունն են հայտնում սահմանի բացմանը։
Զբոսաշրջությունը մեծ ներուժ ունի
Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ընդհանուր առմամբ 300 մլն դոլար կազմող առեւտուրն իրականացվում է Վրաստանի ու մասամբ էլ՝ Իրանի տարածքով։ Սակայն շրջանում ենթակառուցվածքների թերությունների ու փոխադրման ծախքերի պատճառով առեւտուր անելն ամեն օր ավելի է բարդանում։ Մնում է միայն զբոսաշրջությունը։ Հատկապես անցյալ տարի Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագի հանդեպ ուշադրությունը դրա ամենամեծ ապացույցն է։ Սպասվում է, որ սահմանների բացման դեպքում թե հայկական սփյուռքից, թե Հայաստանից հարյուր հազարավոր մարդիկ կայցելեն Վան, Աղրը, Էլյազըգ, Մալաթիա, Սիվաս ու Անատոլիայի այլ վիլայեթներ, որտեղ մի ժամանակ ապրել են իրենց պապերը։
Հայաստանն ուզում ենք բացահայտել
Տարածաշրջանում այս գործարարների կողմից հիմնած հասարակական կազմակերպություններն էլ սահմանի բացմանն անհամբեր սպասում են։ Աղրըի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մեհմեդ Էրաթը հարցազրույցում նշեց, որ մոտ 3-4 տարի է, ինչ լսում են, որ սահմանի բացման հետ կապված աշխատանքներ են տարվում, սակայն սահմանները դեռ փակ են. «Մինչ Եվրոպայում սահմաններն ընդհանրապես վերացվում են, մենք այստեղ դեռ սպասում ենք սահմանների բացմանը։ Այս իրավիճակը արգելք է ոչ միայն Հայաստանի, այլեւ մեր զարգացմանը»։ Էրաթը հայտնեց, որ Աղրըն Հայաստանի հետ կարող է համագործակցել հատկապես սննդի, տեքստիլի ու շինարարության ոլորտներում. «Հնարավոր չէ, որ վատ տնտեսության տեր համայնքը հոգու հանգստություն գտնի։ Այդ պատճառով էլ պետք է բացել սահմանները։ Թուրքիայի արեւելյան ու հարավ-արեւելյան շրջանների համար Հայաստանը չբացահայտված ներուժ ունի»։
Օրական կորուստը՝ 500 հազար դոլար
Իսկ Վանի առեւտրաարդյունաբերական պալատի նախկին նախագահ Զահիր Քանդաշօղլուն էլ շեշտեց, որ սահմանների բացումը Թուրքիայի արեւելյան քաղաքների տնտեսական զարգացման համար շատ կարեւոր է, եւ ընդգծեց, որ Հայաստան ելումուտի խնդիրները լուծվելուց հետո՝ հատկապես զբոսաշրջության սեկտորում հարյուր տոկոսանոց վերափոխում է տեղի ունենալու։ Քանդաշօղլուն բացատրեց, որ Հայաստանի հետ Վրաստանի տարածքով առեւտուր անելիս անհրաժեշտ է անցնել 1350 կմ ճանապարհ. «Սա այն դեպքում, երբ Երեւանը Իգդիրից ամենից շատը 2 ժամ հեռավորության վրա է։ Թուրքիան 24 ժամվա ընթացքում պետք է սահմանը բացի։ Սահմանների փակ լինելուց ամենից շատը տուժում են Թուրքիայի արեւելքում գտնվող քաղաքները»։ Քանդաշօղլուն նշեց, որ սահմանների բացման դեպքում Թուրքիայում մեկ ամսվա ընթացքում աշխատանք կգտնի 50 հազար հոգի. «Այս պահին սահմանի փակ լինելու հետեւանքով մեր տարածաշրջանը օրական կրում է 500 հազար դոլար տնտեսական կորուստ։ Մինչդեռ կան շատ կարեւոր համագործակցության հնարավորություններ, ինչպիսիք են հանքագործությունը, անասնապահությունն ու հատկապես զբոսաշրջությունը»։
Սահմանները անպայման պետք է բացվեն
Կարսի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ալի Գյուվենսոյն էլ ասաց, որ Հայաստանի հետ փակ սահմանը հնարավորինս շուտ պետք է բացվի եւ որ քաղաքականությունից առաջ պետք է առեւտուրը խոսի։ Սակայն Գյուվենսոյը նշեց, որ ի հեճուկս երկու երկրների գործարարների բարի կամքի, սահմանի բացման հարցը կապված է քաղաքական գործիչների հետ. «Հայկական կողմի չափ մենք էլ ենք ուզում, որ սահմանները բացվեն։ Հատկապես մեզ համար դա կարեւոր է Հայաստանի տարածքով թյուրքական հանրապետություններ ավելի դյուրին հասանելիություն ապահովելու նպատակով։ Սահմանը փակ քաղաքը, որտեղ էլ որ լինի, զարգանալու շանս չունի։ Կարծում ենք, որ եթե սահմանը բացվի, ապա դա մեծ օգուտ կբերի թե մեր արհեստավորին, թե արդյունաբերողին»։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Information

This entry was posted on Սեպտեմբերի 1, 2011 by in Հայ-թուրքական հարաբերություններ, Հայերենով and tagged , , , .

Նավարկում

%d bloggers like this: