Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Նացիստներն իրենց աշխատանքային փորձը ձեռք են բերել 1915 թվականին

2012/07/06

Օզան Չընար

Հրեաների ցեղասպանության ժամանակ պաշտոններ ստանձնած բազմաթիվ գերմանացի սպաներ, ինչպիսիք են Ռիբենտրոպն ու «Աուշվից» համակենտրոնացման ճամբարի հիմնադիր Հոսը, իրենց պրակտիկան անցել են Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ:

Ուշագրավ է, որ Առաջին համաշխարհային պատերազմում մեր դաշնակից Գերմանիայի այն սպաները, ովքեր առանցքային դիրք են զբաղեցրել օսմանյան բանակում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էլ նացիստական Գերմանիայի բանակում են առանցքային դիրք զբաղեցրել: Մշտապես աչքաթող արված այս փաստը ցույց է տալիս այն իրականությունը, որ երբեք չենք մտածել և հարց չենք տվել, թե Մեծ աշխարհամարտի ընթացքում ում հետ ենք դաշինք կազմել:

Իթթիհադականներն, ովքեր հասունացել էին գերմանական միլիտարիզմի հսկողության տակ անցնելով, 1908 թ. «Ազատություն, հավասարություն, արդարություն» լոզունգով հեղաշրջում կատարելով, իշխանությունը իրենց ձեռքը վերցրեցին, իմպերիալիստական նպատակներ հետապնդող գերմանական բանակի համար բացեցին օսմանյան բանակի ողջ առանցքային պաշտոնների, իշխանության և կառավարման հնարավորության և իրավասության դռները:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ իրականացվեց Հայոց ցեղասպանությունը, օսմանյան բանակում պաշտոններ ստանձնած 7 հազար գերմանացի սպաների զգալի հատվածն իր երկիր վերադառնալուց հետո պիտի մեծ դեր ունենար նացիստական կուսակցության կազմավորման մեջ և պաշտոններ ստանձներ գերմանական քաղաքականության ու բանակի առանցքային դիրքերում: Այս սպաները, որոնցից 200-ից ավելին դարձան գեներալ, ապահովել են, որպեսզի Հիտլերը գա իշխանության և նրա կաբինետում ու բանակում կայացնելով բոլոր հայտնի որոշումները` հասել են այն դիրքերին, որոնք գործի էին դնելու: Պաշտպանական ջոկատներ ստեղծելով` նրանք կազմակերպել և աշխատեցրել են համակենտրոնացման ճամբարները:

Օսմանյան բանակի կազմում ավելի շատ Ստամբուլի ռազմական նախարարության և Տրապիզոնից Երուսաղեմ ընկած շրջանում պաշտոնավարած և պանգերմանական, սոցիալ-դարվինիստական և հակասեմական այս սպաներից ամենահայտնիներից մեկը` Իոախիմ ֆոն Ռիբենտրոպը, Առաջին աշխարհամարտի ժամանակ Ստամբուլում եղել է «հայոց տեղահանության» հրամանն արձակած օսմանյան Գլխավոր շտաբի պետ Բրոնզարտ ֆոն Շելլենդորֆի ադյուտանտը: Հետագայում Ռիբենտրոպն իր երկրում եղել է նացիստական կուսակցության հիմնադիրներից մեկը, Հիտլերի օրոք դարձել է արտաքին գործերի նախարար, Նյուրնբերգի դատարանում մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար դատապարտվել է մահվան: Մահապատիժն իրականացրել են կախաղան բարձրացնելով:

1915 թ. մինչ պատերազմի ավարտը Ջեմալ փաշայի սիրիա-պաղեստինյան բանակի շտաբի պետ Ֆրանս ֆոն Փափենը 1932 թ. դարձել է Գրեմանիայի վարչապետ: Երկար դանակների գիշերվանից հետո, երբ սպանել են տվել Հիտլերի ընդդիմադիրներին,   ոստիկանական ուժը թույլատրել և աջակցել է Հարձակվող ջոկատների աշխատանքներին: Ֆոն Փափեն, ով ապահովել է նացիստների հզորացումը, համոզելով Հինդենբուրգին` ապահովել է, որպեսզի Հիտլերը դառնա վարչապետ/կանցլեր: Դրանից հետո Հիտլերի իշխանության օրոք Անկարայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնած ֆոն Փափեն Նյուրնբերգի դատարանում պատերազմական հանցագործությունների մեղադրանքով ձերբակալվել և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայի դեսպանատանը ռազմական կցորդ աշխատած բարոն Կոնստանտին ֆոն Նեյրատը պաշտպանական ջոկատների կազմակերպման ժամանակ պաշտոն է ստանձնել: Նացիստական Գերմանիայում արտգործնախարար եղած ժամանակ Աթաթուրքի թաղմանն անձամբ մասնակցած ֆոն Նեյրատը Մորավայի և Բոհեմիայի գլխավոր նահանգապետն էր: Նյուրնբերգի դատավարությունների ժամանակ որպես պատերազմական հանցագործ դատապարտվել է 15 տարվա խիստ ազատազրկման:

Ծովակալ Սուշոնի հետ Վան են գնացել

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բրեսլաու հածանավում, որպես սպա, օսմանյան բանակին միացած Օսվալդ Փոլը, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պաշտպանական ջոկատների հրամանատար գեներալ լեյտենանտ էր, առաջարկելով ստեղծել համակենտրոնացման ճամբարներ, դատարկել է գետտոները: Քանի որ Հիմլերից հետո Պաշտպանական ջոկատների ամենաբարձրաստիճան հրամանատարն էր, մինչև պատերազմի ավարտը պաշտոնավարել է որպես գերմանական համակենտրոնացման ճամբարների հրամանատար:

Բրեսլաու հածանավում որպես լեյտենանտ օսմանյան նավատորմին միացած Կարլ Դյոնիցը Ստամբուլում 1916 թ. ամուսնացել է օսմանյան բանակի գլխավոր տեսուչ Էրիկ Վեբերի աղջկա հետ, ծովակալ Սուշունի հրամանատարության տակ գնացել է մինչև Վան: Դյոնիցն, ով ապագայում դառնալու էր ռազմածովային ուժերի հրամանատար, այն սպաներից էր, ով արժանացել էր Հիտլերի` մահվանից հետո իր տեղը զբաղեցնելու պատվին: Կարլ Դյոնիցը Հիտլերի ինքնասպանությունից հետո դարձել է Գերմանիայի նախագահ և երեք շաբաթ անց ձերբակալվելով` դատվել է Նյուրնբերգի դատարանում:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սիրիայի օսմանյան բանակի կազմում պաշտոնավարած Ռոդոլֆ Հոսը ցանկացել է գերմանական Ցամաքային ուժերից տեղափոխվել Պաշտպանական ջոկատներ: 1940 թ. Հիմլերն, ով «վճռական էր գործերն այլ կերպ կատարելու հարցում», Հոսին գործի է դրել Աուշվից-Բիրքենու համակենտրոնացման ճամբարը կազմակերպելու համար: Հոսն, ով ճամբարում ապրում էր կնոջ և 5 երեխայի հետ, Նյուրնբերգում դատվել է` 2 միլիոն մարդու մահվան հրաման արձակելու մեղադրանքով: Հոսին կախաղան են բարձրացրել Աուշվիցի ճամբարում: Իր հուշերում գրել է, որ այն, ինչ կատարել է. շատ հոգնեցուցիչ է եղել: Հոսը վառարանների օգտագործումը, գազի սենյակներում տարբեր քիմիկատների օգտագործումը գնահատելով որպես մեկական նորույթ`  ասել է, որ իր կատարածի համար ընդհանրապես չի զղճում. դա եղել է իր աշխատանքը:

1915 թ. օսմանյան բանակի շտաբի կապիտան, ֆլեդմարշալ Էրիկ ֆոն Մանշտեյնը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դառնալու էր օսմանյան բանակում ծառայող ֆլեդմարշալ Գերդ ֆոն Ռունդշտետի շտաբի պետը: Մանշտեյնը թուրքական շտաբից ռազմական պատվիրակություն էր հրավիրվել` մասնակցելու 1943 թ. Կուրսկի ճակատամարտին: Այս հրավերի արդյունքում, երբ բանակի գեներալ Ջեմիլ Ջահիթ Թոյդեմիրը գնացել է որպես դիտորդ, Բելգրադում այցելել են  Հիտլերին, Վիլհեմլ Քեյթելին և Մանշտեյնին: Մանշտեյնը պատերազմից հետո անձամբ հանձնվել է մարշալ Մոնթգոմերիին: Նա դատվել է պատերազմական հանցագործությունների համար: Մանշտեյնի դատարանի ծախսերը հոգացել են վարչապետ Չերչիլն ու մարշալ Մոնթգոմերին:

Բեռնարդ Ռուսթը, ով եղել է Հիտլերի` Կրթության, գիտության և ազգային մշակույթի նախարարը, օսմանյան բանակում որպես լեյտենանտ ծառայած սպաներից մեկն է: Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է մեկն այն մարդկանցից, ով զարգացրել է համակենտրոնացման ճամբարների մարդկանց վրա փորձարկումներ կատարելու գաղափարը: Գերմանիայի հանձնվելուց հետո 1945 թ. մայիսի 8-ին ինքնասպան է եղել:

Սիրիայի օսմանյան բանակում սպա Ֆրանց Գյուրտների Հիտլերի հետ ծանոթությունը եղել է «Գարեջրատան անհաջող հեղաշրջումից» հետո: Եղել է հեղաշրջման նախաձեռնության մեղադրանքով ձերբակալված Հիտլերի փաստաբանը և ապահովել, որպեսզի Հիտլերը շատ թեթև պատիժ ստանա: 1932 թ. մինչև մահը` 1941 թ., եղել է Հիտլերի կառավարությունում Արդարադատության նախարար:

Մաքս Էրվին ֆոն Շոյնբներ-Ռիխտերն, ով Ալֆրեդ Ռոզենբերգի հետ կազմակերպել էր 1923 թ. նոյեմբերի «Գարեջրատան անհաջող հեղաշրջումը», Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Էրզրումի գլխավոր հյուպատոսը: Հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ջարդերը զեկույցի տեսքով ներկայացրած Ռիխտերի վրա կրակել են «Գարեջրատան հեղաշրջման» ընթացքում Հիտլերի հետ քայլելիս, և նա ընկնելիս պահել է Հիտլերի թիկունքը: Ադոլֆ Հիտլերն «Իմ պայքարը» աշխատության առաջին գլուխը նվիրել է Ռիխտերին, ում տեղը իր խոսքերով «ընդհանրապես չի կարող լցվել»:

Պրուսական բանակի` աշխարհի վրա թողած հետքը

Ադոլֆ Հիտլերը 1939 թ. օգոստոսի 22-ին, երբ շտաբներին, որոնց շարքում էին Ռունդշտետի, Մանշտեյնի, Մոդելի շտաբները, պատմում էր Լեհաստանի վերաբերյալ իր ծրագրերը, մասնավորապես ասել է. «Մենք մեր ուժը ստանում ենք մեր նպատակասլացությունից և մեր անգթությունից: Չինգիզ խանը միլիոնավոր կանանց և աղջիկների մահվան պատճառն է դարձել… Պատմությունը նրա անձը ներկայացնում է որպես պետության հիմնադիր… Զորե’ղ եղեք: Անգո’ւթ եղեք: Մյուսներից ավելի արագ և անխիղճ գործեք: Մեզ համար անհրաժեշտ կենսահարթակը միայն այս ձևով կարող ենք ձեռք բերել: Չնայած տեղի ունեցածներին` այսօր ո՞վ է խոսում հայերի կոտորածներից»:

Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ առանցքային պաշտոններ ստանձնած այս սպաները, օսմանյան բանակին ներարկելով Պրուսիայի ռազմական հասկացողության թունավոր ոգին, վնասել են և’ Անատոլիայի ժողովրդին, և’ օսմանյան ժողվուրդներին, որոնք մասնատման հետ միասին բռնել էին նաև տարրալուծման ուղին, հանդիսացել են օսմանյան պատմության վերջին էջերը լայնորեն արատավորելու պատճառ: Իրենց տեսանկյունից ողջ աշխարհը գետնին հավասարեցնելով` այս սպաները սատանայական փորձ են ձեռք բերել և ստեղծել դժոխային կադրեր, ովքեր աշխարհը մեկը մյուսի դեմ են սադրել:

Թուրքիայի պատմության մեջ, որպես մշուշապատ էջ, մեր ուշադրությունից վրիպած այս հարաբերություններն ուսումնասիրելիս և բացահայտելիս թերևս անհրաժեշտ լինի օսմանյան լուծը տարած ճնշված ժողովուրդների շարքին ավելացնել նաև թուրքերին, որովհետև երբ գաղտնի են մնում 100 տարի առաջ կատարված այս գործադրումները,  չեն բացահայտվում ո’չ Հայոց ցեղասպանությունը, ո’չ էլ տարիներ ի վեր հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած հեղաշրջումների պատմությունը:

http://www.taraf.com.tr/haber/naziler-staji-1915-te-yapti.htm

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

Akunq.net

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Information

This entry was posted on Հուլիսի 6, 2012 by in Հայերենով, Ցեղասպանություն and tagged .

Նավարկում

%d bloggers like this: