Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Արտակ Շաքարյան. Թուրքիան կարող է գնալ էսկալացիայի Սիրիայի հետ, սակայն լուրջ ռազմական բախման պատրաստ չէ

eMedia.am, 28.06.2012 | Թուրքական գործակալությունների տեղեկությունների համաձայն՝ 30 զրահամեքենաներ տեղափոխվել են Սիրիայի հետ սահմանակից Իսկանդերուն քաղաք, որը գտնվում է Սիրիայի սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա։
eMedia.am-ի հետ զրույցում, Սիրիայի և Թուրքիայի միջև հնարավոր պատերազմի սպառնալիքները գնահատեց թուրքագետ Արտակ Շաքարյանն, ով հավաստիացրեց, որ ԱՄՆ-ում նոյեմբերին նախագահական ընտրությունների կապակցությամբ, Բարաք Օբաման երբեք չի ցանկանա ունենալ ևս մեկ ռազմաճակատ, այս անգամ արդեն Սիրիայում։

«ԱՄՆ-ի փոխարեն դա կարող է իրականացնել միայն Թուրքիան, սակայն այն կլինի «ինքնագլուխ» քայլ ու կարող է լրջորեն քննադատվել միջազգային հանրության կողմից։ Թուրքիան կարող է գնալ էսկալացիայի, սակայն լուրջ ռազմական բախման պատրաստ չէ։ Կարծում եմ, որ դա ավելի շատ փորձ է հոգեբանական լուրջ ճնշում գործադրելու Սիրիայի վրա։ Դամասկոսում քաղաքացիական ճգնաժամը պատճառ է դարձել, որ նրա հյուսիսային սահմաններում ավելի ազատ ու ինքնուրույն գործեն Քրդական աշխատավորական կուսակցության զինյալ խմբավորումները։ Դա վերջին ամիսների ընթացքում լրջագույն վտանգ ու սպառնալիք է դարձել թուրքական զինված ուժերի համար»,- նշեց Արտակ Շաքարյանը՝ հավելելով, որ անգամ եթե որևէ զինված բախում լինի, ապա դա կարող է նմանվել Իրաքին, որի դեպքում Թուրքիան համաձայնության գալով ԱՄՆ-ի հետ, պատժիչ գործողություններ է ձեռնարկում նույն Քրդական զինյալ խմբավորումների դեմ, Իրաքի հյուսիսային շրջաններում՝ խորանալով նրա սահմանների մեջ մինչև 5 կիլոմետր։

Թողնել մեկնաբանություն